ՌԴ-ն գոհ չէր ընտրության արդյունքներից. ընդդիմության «պլան Բ»-ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ-ն գոհ չէր ընտրության արդյունքներից. ընդդիմության «պլան Բ»-ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է ՔՊ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչն է համարում ամենակարևոր առաջնահերթությունը առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, Բադալյանը նշեց․

«Առաջնահերթությունը, թերևս, բոլոր պատգամավորների՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, ներգրավումն է աշխատանքների մեջ և այնպիսի հնարավորություն ու միջավայր ստեղծելը, որ բոլորը կարողանան ինքնիրացվել այդ ընթացքում, ակտիվ լինեն օրենսդրական նախաձեռնություններում և, որ ամենակարևորն է, հավաքագրեն բոլոր խնդիրները։ Այս ընթացքում, թերևս, ամենաշատ փոփոխություններն ու բարեփոխումները տեղի են ունեցել հենց առողջապահության համակարգում, և ամենակարևորը, որ կարող եմ առանձնացնել, այն է, որ սեփական գրպանից կատարվող ծախսերը (որոնք ժամանակին աղետալի էին, և ամբողջ աշխարհի մակարդակով Հայաստանն ամենացավալի ցուցանիշն ուներ՝ 5-րդն էր ամբողջ աշխարհում, թե մարդիկ որքան են իրենց գրպանից վճարում բժշկական ծառայությունների համար), այսօր մենք, փաստորեն, էականորեն կրճատել ենք»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ որոշ ծառայություններ այլևս ամբողջությամբ չփոխհատուցվեն կամ լինեն համավճարով, Բադալյանը նշեց․

«Չեմ կարծում, որովհետև տրամաբանություն այդտեղ չեմ տեսնում․ այն ծառայությունները, որոնք արդեն անվճար մատուցվում են, շատ երկար հաշվարկների արդյունքում են դարձել անվճար։ Տարիներ շարունակ ամբողջ աշխարհի փորձն ուսումնասիրելով՝ հաշվարկել ենք մեր ռեսուրսները, հնարավորությունները և կարողացել հենց այս ծառայությունների օպտիմալ փաթեթը ստանալ։ Թիրախային խմբեր կան, որոնք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն սուբսիդավորվում են պետության կողմից, որպեսզի էլի այդ ֆինանսական բեռն իրենց վրա չզգան։ Այս իմաստով, սրանք հենց այնպես, արագ արված փոփոխություններ չեն, այսինքն՝ դրանց տակ բավականին լուրջ հաշվարկներ են դրված, և ես քիչ հավանական եմ համարում, որ նման բան կարող է մի օր լինել»։

Բադալյանի կարծիքով՝ իրարից չտարբերվող 2 խմբակցություն է հայտնվել խորհրդարանում․

«Իրարից չտարբերվող, որովհետև և՛ նրանց պատկերացումները, և՛ քաղաքական գիծն է նույնը, և, միևնույն ժամանակ, այդ պատգամավորները շատ հաճախ, միգրացիայի արդյունքում, մի կուսակցությունից մյուսում են հայտնվում։ Այսինքն՝ էական տարբերություն նրանց միջև չկա, և բոլորս շատ լավ գիտենք՝ նրանք ինչու են այնտեղ։ Բայց ի սկզբանե հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը փորձեց շատ հետաքրքիր նշաձող վերցնել, որը, համենայն դեպս, վերջին 8 տարվա ընթացքում մենք չէինք տեսել։ Դա բուն սոցիալ-տնտեսական հարցերի թիրախավորումն էր, և արդյունքում ստացվում էր բավական կառուցողական քննարկում։ Բայց, ըստ տրամադրության և իրավիճակի, նրանք մեկ հայտնվում են այդտեղ, մեկ նորից ընկնում «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ»-ի այդ տրամադրությունների մեջ՝ էլի փոխադարձ վիրավորանքներ և այլն»։

Բադալյանի խոսքով՝ ընդդիմությունն էլ ունի իր «պլան Բ»-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment