Ռադիոյի ձայնը՝ ողջ գյուղով մեկ. Նյուռա Քարտաշյանը և իր 100-ամյա ընկերը

100 տարի առաջ այս օրը հայկական ռադիոն առաջին անգամ դիմեց իր ունկնդիրներին։ Մեկ դար անց այդ ձայնը շարունակում է հասնել Հայաստանի ամենատարբեր անկյուններ՝ նաև Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղ։ Այստեղ Հանրային ռադիոյի ձայնը հաճախ է բարձր հնչում։ Նյուռա Քարտաշյանը ռադիոյի հավատարիմ ունկնդիրներից է։ Թեպետ գյուղում հանրային ռադիոյի հաճախականությունը դժվարությամբ է որսում, ձայնը բարձրացնում է, որպեսզի եթերից հնչածը լսելի լինի ոչ միայն իրեն, այլև բոլորին։ Ասում է՝ եթե ռադիոընդունիչը փչացավ ու ռադիոն չլսվեց, ուրեմն ինքը «արդեն չի շնչում»։

Ռադիոյի ձայնը լսվում է ոչ միայն Նյուռա Քարտաշյանի տանն ու բակում, այլև ամբողջ գյուղով մեկ։ Ասում է՝ չի ուզում միայնակ լսել ու տեղեկանալ այն ամենի մասին, ինչ հեռարձակվում է հանրային ռադիոյի եթերում։

Ռադիոընդունիչը տան առաջին հարկում է դրել, որտեղ անցկացնում է օրվա մեծ մասը։ Առավոտյան ժամը 7-ից  միացնում է ռադիոն, բարձրացնում ձայնը, որ ոչ մի բառ բաց չթողնի, ու անցնում առօրյա գործերին։

«Իջնում եմ ներքև, միացնում եմ ռադիոն, լսում եմ, խմում սուրճս։ Գյուղում ենք ապրում, հետո անցնում իմ գործերին։ Հողամասում գործեր եմ անում, տան գործերն ու լսում մեծ հաճույքով՝ ինչ էլ որ լինի։ Որ լավ հաղորդում է լինում ու ես էլ զբաղված եմ, բարձրացնում եմ ռադիոյի ձայնը։ Դե բոլորն էլ գիտեն, որ ես ռադիոն միացնում եմ բարձրաձայն, որ լսեմ»։

Նյուռան ապրում է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Դեռ փոքր տարիքից է կապված ռադիոյին։ Մասնագիտությամբ մանկավարժ է։ Բոլոր ոլորտների նկատմամբ ունեցած հետաքրքրության ծարավը լրացնում է ռադիո ունկնդրելով։

Ասում է՝ «Ռադիոլուրի» միջոցով էլ տեղեկանում է աշխարհում ու երկրում կատարվողին։ Լսում է, որովհետև, իր գնահատմամբ, հանրայինի եթերից հնչում է կիրթ ու գրական խոսք։ Զրուցակիցս պատմում է, թե ինչպես է ցանկացել նաև քրոջը դարձնել հանրային ռադիոյի ունկնդիր։

«Շատ լավ հաղորդում էր եթերում, ձայնը մի քիչ բարձրացնում եմ։ Քույրս նստած էր բալկոնում, ռադիոյի ձայնը գնալով ավելի եմ բարձրացնում, որ ինքն էլ լսի։ Մեկ էլ քույրս տրտնջալով՝ վա՜յ, Նյուռ, դե լավ էլի, ինչ կեղնի, էդ ռադիոյի ձայնը մի քիչ ցածրացրու (ծիծաղում է)։ Երբ լուրեր էր լինում ու Կարեն Ղազարյանն էր վարում, ասում էի՝ Վիկտոր, գիտե՞ս, մեր գեղի Կարենը կխոսի, Հասմիկի տղեն։ Ասում էր՝ հա՜, դե գնա բարձրացրու, լսիմ»։

Ռադիոյի բոլոր հաղորդումներն էլ հոգեհարազատ են։  Նյուռան անուն առ անուն ճանաչում է եթերի մարդկանց։

«Հանրային ռադիոյով լսում եմ բոլոր լուրերը, քո հաղորդումը, հետո «Սուրճ ու սեր» հաղորդումը, առողջապահության վերաբերյալ հաղորդումներ էլ կան, լսում եմ։ Նաև շատ եմ լսում Ռուբեն Մաթևոսյանի ու Մարտին Վարդազարյանի «15 րոպեն քիչ է» հաղորդումը։ Շատ լավ հաղորդումներ են»։

Պատմում է, որ երբեմն զանգել է ռադիո, իսկ մի անգամ էլ ուղիղ եթերում ներկայացրել իր դիտարկումները։

«Տիգրան Հարությունյանի ու իր գործընկերոջ հաղորդումն էր եթերում։ Այնքան լավ նյութեր էին քննարկում, բայց ինձ մի բան էր խանգարում, որ երկուսը միաժամանակ խոսում էին, ու ես զանգեցի։ Ասի՝ ժողովուրդ, դուք շատ լավ հաղորդում եք վարում, բայց երկուսդ միասին որ խոսում եք՝ պարզ չի լսվում, չգիտեմ, թե ինչ մասին եք խոսում։ Ոնց ասեմ, կարծես գլխի չեն ընկնում, որ խանգարում են ունկնդրին»։

Մի բանից, սակայն, դժգոհ է․ Թալինի Ներքին Բազմաբերդ գյուղի բարձունքում շատ դժվարությամբ է գտնում հանրայինի հաճախականությունը։ Ցանկանում է  ռադիոյի եթերից մարզերի մասին ավելի շատ հաղորդումներ լսել գյուղական կյանքի փոփոխությունների ու առաջընթացի մասին։

Իսկ իր կյանքը չի պատկերացնում առանց ռադիոյի։

«Հենց իմ ռադիոն փչացավ, ուրեմն ես չեմ շնչում։ Այո, այո, բոլոր լրագրողները, հաղորդավարները, ռադիոն իմ տունն են, իմ ընտանիքի անդամները։ Ի դեպ՝ առաջինը դու»։

Վերջում՝ շնորհավորանք հանրային ռադիոյի 100-ամյակի առթիվ։

 «Շնորհավորում եմ ռադիոյի 100 ամյակը, ռադիոյի ձայնը միշտ անսպառ լինի ու ռադիոունկնդիրները շատանան»։

Հայկական ռադիոն 100 տարեկան է։  Շնորհավոր մեր երկրորդ տան ծնունդը։

Leave a Comment