Երեք աշակերտ, մեկ դպրոց ու ոչ մի վախ․ սեպտեմբերի 1-ը՝ Ներքին Հանդում

Սյունիքի մարզի 116 դպրոցից 14-ում այս սեպտեմբերի 1-ին առաջին դասարանցիներ չկան։ Այս ուսումնական տարում մարզի դպրոցներ է հաճախելու շուրջ 1500 առաջին դասարանցի, աշակերտների ընդհանուր թիվը 17 հազար է։ Սահմանամերձ Ներքին Հանդի դպրոցում էլ այս տարի առաջին դասարան չի լինելու։ Երեք աշակերտ ունի դպրոցը, իսկ աշակերտների խոսքով՝ ոչ մի անհանգստություն չունեն, որ Ներքին Հանդում են ապրում։ Մարզում 38 դպրոց է նորոգվում կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

  «Ես էլ պարտեզը պրծել եմ, որովհետև արդեն մեծացել եմ ու դպրոց եմ գալու»։

Կապանի N6 հիմնական դպրոցի 94 առաջին դասարանցիներից մեկն էլ Լեո Ավետիսյանն է։ Պատմում է՝ երեկ ուրիշ դպրոց էր գնացել, այսօր՝ ուրիշ։ Բայց չի շփոթվել․ արդեն ընկերներ ունի, որոնց հետ միասին կլուծեն խնդիրները։

Կապանի N6 դպրոցի մասնաշենքը նորոգվում է կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Այն իր դռները կբացի եկող սեպտեմբերից։ Ներկայում դպրոցի առաջին դասարանցիների դասերը Կապանի բժշկական քոլեջի շենքում են, իսկ մնացած դասարանները՝ Կապանի N9 ավագ դպրոցում։

Փոքրիկ Լեոն նախօրեին դասագրքերը ստացել է քոլեջի շենքում, իսկ սեպտեմբերի 1-ի հանդիսությանը մասնակցում է ավագ դպրոցի բակում։ Չնայած դասերը կազմակերպվում են անգամ միջանցքներում, դպրոցի աշակերտների թիվն ավելացել է։ «Անցած ուսումնական տարվա վերջին ունեինք 627 աշակերտ, իսկ հիմա՝ 678 աշակերտ»,– ասում է Կապանի N6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը։

«Իհարկե, մենք այնքան էլ նպաստավոր պայմաններում չենք կազմակերպում մեր կրթական գործընթացը, բայց աշակերտների մեծ ներհոսք ունենք։ 2026-2027 ուսումնական տարին սկսում ենք 678 աշակերտով՝ նախորդ ուսումնական տարվա 627-ի փոխարեն։ Սա խոսում է մեր ուսումնական համակազմի նվիրումի, աշխատանքի, պատասխանատվության մասին»։

Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում մարզում նորոգվում է 38 դպրոց՝ ասում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

«Սյունիքի մարզում 38 կառուցվող դպրոցներից 5-ում աշխատանքները լիարժեք ավարտվել են։ Դրանք են Հարժիսի միջնակարգ դպրոցը, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, Վաղատինի, Գորիսի թիվ 1 ու Դարպասի միջնակարգ դպրոցները։ 15 հիմնանորոգվող դպրոցներից 9-ում աշխատանքներն ավարտվել են ու 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմավորել են նոր շենքերում։ 38-ից 5-ում դեռևս աշխատանքները չեն սկսվել»։

Սյունիքի մարզի 116 դպրոցում առաջին դասարան է հաճախելու շուրջ 1500 առաջին դասարանցի։ Գյուղական բնակավայրերի 14 դպրոցում առաջին դասարաններ չկան։

Առաջին դասարանցի չունի նաև սահմանամերձ Ներքին Հանդի դպրոցը։ Այստեղ ընդամենը երեք աշակերտ է սովորում։

Մհեր Արզումանյանը 9-րդ դասարանում է։ Կուզենար 12-րդ դասարանն էլ գյուղում ավարտեր, բայց եկող տարի տեղափոխվելու է այլ դպրոց։

«Գալիս եք դպրոց, գնում տուն, դասերը սովորում, դուրս ենք գալիս հեծանիվ քշելու, անհանգստություն ընդհանրապես չկա, հլը թուրքերն են անհանգիստ մեզնից, ուրախ եմ, որ Ներքին Հանդում եմ ապրում, ու դպրոցն էլ կայուն է»։

Կառավարության հրատապ ծրագրով մոտ 32 մլն դրամ է հատկացվել․ Ներքին Հանդում ֆուտբոլի դաշտ է կառուցվելու։ Շինարարությունը մոտակա օրերին կսկսվի։ «Հեծանիվ քիչ կքշենք՝ ֆուտբոլ կխաղանք»,- ասում է Մհերը։

«Դպրոցի բակում են հենց սարքում, ֆիզկուլտուրայի դասերին կիջնենք՝ խաղանք, դասերից հետո էլ ուսուցիչներով, բանով կարանք խաղանք, տենց հավես ա»։

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն։

«Ներքին Հանդի ժողովուրդը ասել են՝ խնդրում ենք մեզ համար խաղահրապարակ կառուցեք։ Որ ասում ենք՝ խաղաղությունը կա՞, թե՞ չէ՝ սրա մասին է։ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են իրենց երեխաներին թույլ տալ խաղալ այդտեղ, չունեն մտավախություն, պարզ է՝ որ սահմանազատում չկա դեռ, պարզ է՝ որ հարցեր կան, բայց մարդիկ արձանագրել են, որ այդ հարցերի տրամաբանությունը տեղափոխվել է այլ դաշտ՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է»։

Ներքին Հանդի դպրոցում բոլոր առարկաների մասնագետները կան՝ ի տարբերություն Սյունիքի մարզի շատ դպրոցների, որտեղ թափուր հաստիքներ կան։ Հատկապես մեծ է բնագիտական առարկաների ուսուցիչների պահանջարկը։

Leave a Comment