Այսօր Փաշինյան Նիկոլն ասաց, որ «Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»:
Ուշադիր` այս բառերը ոչ թե Զելենսկին կամ Սանդուն է արտաբերել, այլ Փաշինյան Նիկոլը: Դա առնվազն նշանակում է, որ Հայաստանի օրվա իշխանությունը նպատակ ունի ԶԱՐԳԱՑՆԵԼ Ռուսաստանի հետ հարաբերությունները (փաստորեն, դեռ լավ չի զարգացած):
Լա՞վ է դա, թե՞ վատ: Չգիտեմ: Սակայն լավ է, որ ճշգրտվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը: Հայաստանի քաղաքացին պարտավոր է իմանալ, թե ինչ պետությունում է ապրելու:
Ութ տարի շարունակ օրվա իշխանության վերաբերյալ ինչ ասես որ չենք լսել` սորոսականներ, ամերիկամետներ, եվրոպամետներ, ամերիկյան դեսպան, հակառուս, թուրքամետ, ադրբեջանասեր և այսպես շարունակ: Այնուամենայնիվ, ութ տարին ցույց տվեց, որ օրվա իշխանությունը որևէ լուրջ գործողություն Ռուսաստանի հանդեպ չի ձեռնարկել: Ավելին` Հայաստանը մի քանի պետությունների հետ միասին ակնհայտորեն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները:
Կհարցնեք` այդ դեպքում ինչու՞ են կալանավորված առերևույթ ռուսամետ գործիչները: Կասեմ` օրվա իշխանությունը հայ ավանդական ռուսամետների համեմատությամբ շատ ավելի ռուսամետ է: Ուղղակի ժամանակներն են փոխվել: Դրսում 90-ականները չեն, իսկ քաղաքականության մեջ 2+2 միշտ չէ որ հավասար է 4-ի: Օրինակ` վերջին ընտրություններն ապացուցեցին, որ 3,9996-ն ԷԱՊԵՍ տարբերվում է 4-ից: Ավելին` ժամանակակից քաղաքականության մեջ ավանդական անհայտը` X-ը, կարող է հանդես գալ Z տարբերանշանով:
Ամեն դեպքում, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը բացահայտելու համար պետք է հետևել իշխանության ոչ թե ներքին, այլ արտագնա խոսույթի եզրափակիչ մտքերին: Եվ միայն այդ դեպքում հստակ կերևա Z տարբերանշանը:
Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ