Դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանին

Դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն՝ ընդդեմ Հովհաննավանքի նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի(նախկինում՝ Տեր Արամ)։ Iravaban.net-ը տեղեկանում է  Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։  Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էմին Աբգարյանը օգոստոսի 31-ին որոշում է կայացրել, որով  պարտավորեցրել է Ստեփան Ասատրյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում հրապարակային հերքում տարածել։

Միքայել Աջապահյանի ներկայացուցիչ Տաթևիկ Շալջյանը 26.02.2026 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ստեփան Արտակի Ասատրյանի (այսուհետ՝ նաև պատասխանող), երրորդ անձ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության՝ արատավորող տեղեկությունները հերքելու և գումարի բռնագանձման պահանջի մասին։

Դիմելով դատարան, հայցվոր Գևորգ Արտաշեսի Աջապահյանի ներկայացուցիչը հայցադիմումում նշել է, որ Գևորգ Արտաշեսի Աջապահյանը (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) 30.09.2001 թվականից հանդիսանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը: 22.01.2026 թվականին պատասխանող Ստեփան Ասատրյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում հարցազրույցի (այսուհետ՝ Հարցազրույց) ժամանակ Հայցվորի հասցեին հնչեցրել է զրպարտչական արտահայտություններ: 22.01.2026 թվականին Հարցազրույցը տեղադրվել է Հայկական ժամանակի (armtimes.com) «Յություբ»-յան ալիքում՝ «Կրիմինալ աշխարհի հետ են համագործակցում, վախեր ունի, դրա համար է Եպիսկոպոսաց ժողովն այլ երկրում անում» վերնագրով հետևյալ հղմամբ՝ https://www.voutube.com/watch?v=kND9nlz8GXg: Հայցվորին Պատասխանողի կողմից հնչեցված զրպարտության մասին հայտնի է դարձել 06.02.2026 թվականից հետո, այն օրվանից, երբ Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է Հայցվորի խափանման միջոցը՝ տնային կալանքի: Այդ օրվանից հետո, հայցվորը հնարավորություն է ունեցել համացանցից օգտվել և տեսել է հարցազրույցը:
Հարցազրույցի 23-րդ րոպեի 17-րդ վայրկյանում Պատասխանողը հայտնել է հետևյալը. «…Ինքն ուներ ազատություն, խոսելու հնարավորություն, բայց որոշեց այդ խոսքը օգտագործել չար բաների համար, անգամ գիտեք, որ տեռորիզմի մասին էր խրախուսում, էդպիսի արտահայտություններ էր անում և դրա համար էլ հայտնվեց բանտում: Արի ու տես բանտում հայտնվելուց հետո, այնտեղից էլ է շարունակում իր խոսքի իրավունքը սխալ օգտագործել և չի դադարում բանտից ևս սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ»: Հարցազրույցի 27-րդ րոպեի 27-րդ վայրկյանում Պատասխանողը հայտնել է հետևյալը. «Ի դեպ այս օրերի ընթացքում, երբ ես ակտիվ փորձում էի բարեկարգման շարժումը առաջ տանել, ինձ գրում էր մի կին, մի աղջիկ նաև, հետո պարզեցի, որ այդ կինը ու աղջիկը հենց Աջապահյանի կինը և աղջիկն են, որ փորձում են պաշտպանել Կտրիճ Ներսիսյանին: Ուզում եմ ասեմ, որ ժողովուրդը ամեն ինչ գիտի, հենց հիմա իր կինը, իր աղջիկը Գյումրու փողոցներում ազատ շրջում են…»:
Գտնում է, որ զրպարտություն տարածելու միջոցով Պատասխանողն արատավորել է Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը

Դատարանի որոշմամբ Ստեփան Ասատրյանը պարտավորվել է «Հայկական ժամանակի» կայքում տեսաուղերձ հրապարակել և հայտարարել, որ 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ընթացքում Միքայել Աջապահյանի վերաբերյալ իր հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նա պետք է հերքի այն պնդումները, թե Աջապահյանը «տեռորիզմի մասին էր խրախուսում», «բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ», ինչպես նաև կին և աղջիկ ունի։

Դատարանը նաև որոշել է Ստեփան Ասատրյանից հօգուտ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Leave a Comment