Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է Արենիի փոխհամայնքապետ Մհեր Ասատրյանի նկատմամբ վարույթ հարուցելու դիմումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանի նկատմամբ շահերի բախման և անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դիմումը։ Iravaban.net-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Հանձնաժողովի՝ 2026 թվականի օգոստոսի 27-ի N որոշման համաձայն՝ քաղաքացի Սեմյոն Բաբայանը օգոստոսի 20-ին դիմել էր Հանձնաժողով՝ Մհեր Ասատրյանի շահերի բախման դեպքը քննելու և վարույթ հարուցելու պահանջով։ Դիմումում վկայակոչվել էր «Հետք» լրատվական կայքի՝ օգոստոսի 19-ի «Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ» հրապարակումը։

Դիմողը նշել էր, որ Արենիի համայնքապետարանը 2026 թվականին 134,8 մլն դրամի գնումների պայմանագրեր է կնքել Մհեր Ասատրյանի հոր՝ Խաչիկ Ասատրյանի բաժնեմասնակցությամբ «ԷՄ ԷՅ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ։ Նրա գնահատմամբ՝ հրապարակումը պարունակում էր համայնքապետարանի գնումների ընթացակարգերում կոռուպցիոն ռիսկերի, շահերի բախման և հովանավորչության դրսևորումների վերաբերյալ տեղեկատվություն։

Սեմյոն Բաբայանը Հանձնաժողովից, մասնավորապես, պահանջել էր Մհեր Ասատրյանի նկատմամբ վարույթ հարուցել շահերի բախման կանոնների և անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտման փաստով, ուսումնասիրել «ԷՄ ԷՅ ՇԻՆ» ՍՊԸ-ի տեխնիկական և մասնագիտական համապատասխանության հիմքերը, ինչպես նաև մրցույթների փաստաթղթերը։

Հանձնաժողովը պարզել է, որ Մհեր Ասատրյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով ընտրվել է Արենի համայնքի ավագանու անդամ, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 2-ից պաշտոնավարում է որպես Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «ԷՄ ԷՅ ՇԻՆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 24-ին։ Հիմնադրման օրվանից ընկերության միակ մասնակիցը Խաչիկ Ասատրյանն է, իսկ գործադիր մարմնի ղեկավարը՝ Նորիկ Սիմոնյանը։ Հանձնաժողովը նշել է, որ Մհեր Ասատրյանի ներկայացրած հայտարարագրերի տվյալների համաձայն՝ Խաչիկ Ասատրյանն իր ընտանիքի անդամն է։

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև գնումների էլեկտրոնային համակարգում առկա տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ 2026 թվականի ապրիլի 13-ին Արենի համայնքապետարանը «ԷՄ ԷՅ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքել է Գնիշիկ բնակավայրում խմելու ջրի կապտաժի և ջրագծի կառուցման աշխատանքների գնման պայմանագիր՝ 5,54 մլն դրամ ընդհանուր արժեքով։

2026 թվականի հունիսի 9-ին համայնքապետարանը ընկերության հետ կնքել է Ռինդ բնակավայրի «Ավշար» հանդամասում ոռոգման ջրի 2 կմ հատվածի և Արփի բնակավայրի «Հոփիկներ» հանդամասի Տեռասներ կոչվող հատվածում ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքների գնման պայմանագիր՝ 43,368 մլն դրամ ընդհանուր արժեքով։

Հունիսի 29-ին կնքված մեկ այլ պայմանագրով ընկերությունը պետք է իրականացներ Արենի համայնքի Ռինդ բնակավայրում 50 խմ տարողությամբ ռեզերվուարի, երկու կապտաժների կառուցման և խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի վերանորոգման աշխատանքներ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 25,6 մլն դրամ։

2026 թվականի հունիսի 12-ին համայնքապետարանը ընկերության հետ կնքել է նաև Ռինդ բնակավայրում ոռոգման ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքների գնման պայմանագիր՝ 59,5 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Այս գնման ընթացակարգին «ԷՄ ԷՅ ՇԻՆ» ՍՊԸ-ն մասնակցել էր «Խաչիկ Գրիգորյան Կնյազի» ԱՁ-ի հետ համատեղ գործունեությամբ։

Հանձնաժողովը նշել է, որ վերոնշյալ գնման պայմանագրերը համայնքապետարանի և ընկերության անունից կնքել են Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և «ԷՄ ԷՅ ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանը։

Հանձնաժողովի արձանագրմամբ՝ համայնքի ղեկավարի տեղակալն ի պաշտոնե չի հանդիսանում գնման գործընթացում ներգրավված անձ կամ պայմանագրի կողմ, չի ձևավորում գնահատող հանձնաժողովը և այլ կերպ չի մասնակցում գնման գործընթացի կազմակերպմանը։

Հանձնաժողովը նշել է նաև, որ ուսումնասիրած գնման պայմանագրերից պարզ է դարձել, որ դրանք համայնքապետարանի անունից կնքվել են համայնքի ղեկավարի կողմից՝ գնումների ընթացակարգերի վերաբերյալ գործող իրավակարգավորումների պահպանմամբ։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ հաշվի առնելով գնումների գործընթացների կազմակերպման համատեքստում համայնքի ղեկավարի տեղակալի ի պաշտոնե ներգրավվածության բացակայությունը, «ԷՄ ԷՅ ՇԻՆ» ՍՊԸ-ի մասնակցության առումով Մհեր Ասատրյանի կողմից շահերի բախման առերևույթ դեպք արձանագրելու համար դիմումում և գնումների տեղեկագրում բավարար տվյալներ առկա չեն։

Անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման մասով Հանձնաժողովը արձանագրել է, որ դիմումով կամ հրապարակմամբ չեն ներկայացվել համայնքի ղեկավարի տեղակալի կողմից անհամատեղելիության պահանջների խախտումը բացահայտող կամ հիմնավորող տվյալներ։

Հանձնաժողովը եզրակացրել է, որ Մհեր Ասատրյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ շահերի բախման կարգավորումների և անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտումը հիմնավորող տեղեկատվություն դիմողը չի ներկայացրել, և դիմումով առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Սեմյոն Բաբայանի՝ 2026 թվականի օգոստոսի 20-ին ներկայացված դիմումի հիման վրա վարույթի հարուցումը մերժել։

Leave a Comment