Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է քաղաքացի Սեմյոն Բաբայանի՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վերաբերյալ շահերի բախման առերևույթ դեպքի առնչությամբ վարույթ հարուցելու դիմումը։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԿՀ-ից։
Հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 17-ի N 04/2026/Շ/Վ որոշման համաձայն՝ Բաբայանը 2026 թվականի օգոստոսի 10-ին դիմել էր Հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց մասնակցությամբ շահերի բախման կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ։
Դիմումում նշվել էր, որ «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Կիմա Մկրտչյանին՝ Աննա Հակոբյանի մորը։ Դիմումատուն հայտնել էր նաև, որ բաժնեմասի այդպիսի ձևակերպումը կարող է վկայել անվանական սեփականատիրության մասին։
Հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալները։ Ըստ որոշման՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի 2026 թվականի փետրվարի 11-ին ներկայացված իրական շահառուների հայտարարագրում Կիմա Մկրտչյանը նշված է որպես 70 տոկոս ուղղակի մասնակցությամբ իրական շահառու, իսկ Հայկ Գևորգյանը՝ 20 տոկոս ուղղակի մասնակցությամբ իրական շահառու։ Մնացած 10 տոկոսը պատկանում է Պետրոս Մակեյանին։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը 2024 թվականի հունիսի 17-ից Գևորգ Դերզյանն է։
«Նիկան Հրատարակչություն» ՍՊԸ-ի դեպքում, ըստ նույն տվյալների, Կիմա Մկրտչյանը 80 տոկոս ուղղակի մասնակցությամբ իրական շահառու է, իսկ Հայկ Գևորգյանը՝ 20 տոկոսով։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը 2009 թվականի մայիսի 6-ից Հայկ Գևորգյանն է։
Որոշման համաձայն՝ «Դարեսկիզբ» և «Նիկան Հրատարակչություն» ընկերություններում Կիմա Մկրտչյանի բաժնեմասնակցությունը ձևավորվել և գրանցվել է 2014 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ, և դրանից հետո մասնակիցների փոփոխություններ չեն գրանցվել։
Հանձնաժողովը նաև ուսումնասիրել է գնումների «Արմեպս» համակարգում առկա տվյալները։ Ըստ որոշման՝ «Դարեսկիզբ» ընկերության հետ կնքվել է վեց պայմանագիր, որոնց համաձայն՝ ընկերությունը 2018-2021 թվականներին թերթերում հայտարարությունների տպագրման ծառայություններ է մատուցել ՀՀ դատախազությանը, Էկոնոմիկայի նախարարությանը, երեք դեպքում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, և մեկ դեպքում՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։ Միաժամանակ, համակարգում չեն հայտնաբերվել Վարչապետի աշխատակազմի պատվիրած գնումներին ընկերության մասնակցության հայտեր կամ կնքված պայմանագրեր։ «Նիկան Հրատարակչություն» ՍՊԸ-ի գնումների մասնակցության հայտեր կամ պայմանագրեր նույնպես համակարգում առկա չեն։
Հանձնաժողովը որոշման մեջ նշել է, որ շահերի բախման առկայության արձանագրման համար անհրաժեշտ է մասնավոր շահի առկայություն, որն ազդում կամ կարող է ազդել պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա և հանգեցրել կամ կարող է հանգեցնել արտոնության ապահովման պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի համար։ Ըստ որոշման՝ շահերի բախման առկայությունը պետք է քննարկվի պաշտոն զբաղեցնող անձի կոնկրետ որոշման կամ գործողության համատեքստում։
Հանձնաժողովը նշել է, որ համակարգում առկա տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը «Դարեսկիզբ» և «Նիկան Հրատարակչություն» ՍՊԸ-ներում որևէ մասնակցություն կամ ներկայացվածություն չունի և երբևէ չի ունեցել։ Միաժամանակ, դիմումով չեն վկայակոչվել վարչապետի որոշումներ կամ գործողություններ՝ այդ ընկերությունների հետ կապված, որոնց շրջանակում Հանձնաժողովը կարող էր գնահատել շահերի բախման առերևույթ իրավիճակի առկայությունը կամ բացակայությունը։
Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից ներկայացված՝ ընկերության կառավարումից և սեփականատիրությունից քաղաքական պաշտոնյայի ընտանիքի անդամների հեռացման ու ազդեցության չեզոքացման պահանջին, Հանձնաժողովը նշել է, որ այդ գործողությունները կարող էին իրականացվել միայն շահերի բախման իրավիճակի առկայությունը հաստատելու և դրա վերաբերյալ համապատասխան եզրակացություն ընդունելու դեպքում։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ դիմումում առերևույթ խախտումը հիմնավորող ողջամիտ փաստական հանգամանքներ ու ապացույցներ չեն ներկայացվել, իսկ ներկայացված պահանջի մասով Հանձնաժողովը համապատասխան լիազորություններ չունի։ Հետևաբար, վարույթի հարուցման հիմքեր առկա չեն։
Որոշմամբ Հանձնաժողովը որոշել է մերժել Սեմյոն Բաբայանի՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին ներկայացված դիմումի հիման վրա վարույթ հարուցելը։ Որոշումը եռօրյա ժամկետում պետք է ուղարկվեր Սեմյոն Բաբայանին։