Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն հաստատել է համապատասխան մեթոդաբանությունը, որով առաջնորդվելու է այս նոր և համակարգային նշանակություն ունեցող գործընթացում: Iravaban.net-y ը տեղեկանում է ԿԿՀ-ից։
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը նշել է, որ Հանձնաժողովը կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետք է իրականացնի՝
1. Հանրային իշխանության մարմիններում,
2. Ոլորտային ՊՈԱԿ-ներում և ՀՈԱԿ-ներում,
3. 50% և ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերություններում,
4. Պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում:
«Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը Հայաստանի համար բոլորովին նոր գործառույթ է, որը նախկինում երբևէ չի իրականացվել։ Այն շատ կարևոր կանխարգելիչ նշանակություն է ունենալու և միտված է համակարգային ազդեցություն ապահովելուն», – նշել է Արամայիս Փաշինյանը։
Հանձնաժողովն ավելի վաղ նախաձեռնել է պիլոտային գնահատում պետության մասնակցությամբ հինգ խոշոր ընկերություններում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում, «Երևանի ՋԷԿ»-ում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, «Ջրառ» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերություններում։
Գործառույթի թիրախում ոչ թե առանձին անձինք են, այլ համակարգային խնդիրները: