
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանող օտարերկրացիները պարտավոր են բուժզննում անցնել ՄԻԱՎ-ի եւ թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, հայտնում է «Կոմերսանտը»։
Խոսքը ոչ միայն աշխատանքի, ուսման, այլ ցանկացած նպատակով մուտք գործող անձանց մասին է։ Նրանք տեղեկանքները պետք է ստանան սահմանը հատելուց հետո մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ այդ ընթացակարգն անցնեն ամեն տարի, հակառակ դեպքում սահմանված է մինչեւ 50 հազար ռուբլի տուգանք։
Նոր օրենքը բժշկական կազմակերպություններին պարտավորեցնում է տեղեկանքները մեկ օրվա ընթացքում ներբեռնել առողջապահության նախարարության տվյալների բազա, իսկ դրանք կեղծելու, վաճառելու եւ կեղծ տեղեկանքներ գնելու համար այժմ սպառնում է մինչեւ ութ տարվա ազատազրկում։
Նախկինում օտարերկրացիները պետք է տեղեկանքներ ստանային աշխատանքի եւ ժամանակավոր բնակության թույլտվություն, արտոնագիր կամ կացության իրավունք ստանալու դեպքում` 30- 90 օրվա ընթացքում։