«Քրիպս» խմբավորման 63-ամյա նախկին պարագլխին` «Քիֆի Դի»- ին` Դուեյն Դեւիսն ատենակալները մեղավոր են ճանաչել Թուփաք Շաքուրի սպանության մեջ երեքժամյա քննարկումից հետո։ 63-ամյա Դեւիսին մեղադրյալի աթոռին էր նստացրել իր հուշագրությունը, որը նա հրապարակել էր 2019 թվականին։
Հանրաճանաչ ռեփեր 25-ամյա Թուփաք Շաքուրի սպանության գործի քննությունը փակուղի էր մտել։ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում նրա վրա կրակել էին ու մի քանի օր անց մահացել էր հիվանդանոցում։
Գործն այդպես էլ չէր բացահայտվի, եթե 2019 թվականին Դեւիսը՝ South Side Compton Crips փողոցային հանցախմբի նախկին պարագլուխը, չորոշեր հուշեր գրել։ Գրքում, ինչպես նաեւ տարբեր հարցազրույցներում նա պնդում էր, որ եղել է այն մեքենայի ուղեւորը, որտեղից կրակ են բացել Շաքուրի մեքենայի վրա։ Գրքում գրել էր, որ սպանության ժամանակ օգտագործված ատրճանակը փոխանցել է իր զարմիկ Անդերսոնին, որն էլ գնդակահարել է ռեփերին։
Դեւիսը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին։ Դատախազությունը պնդում էր, որ նա է «հրամայել սպանել» Շաքուրին։
Դեւիսի փաստաբանները պնդում էին, որ գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է եւ չի կարող ապացույց ծառայել։
Դատավորը որոշել էր, որ այս փաստարկը նրանք կարող են ներկայացնել դատաքննության ժամանակ։
Դեւիսն իրեն մեղավոր չի ճանաչել։
Թուփաք Շաքուրն ամերիկացի ռեփեր, երգահան եւ կինոդերասան է, որն ավելի հայտնի է 2Pac, Pac, Makaveli բեմական կեղծանուններով։ Շատերի կարծիքով` նա բոլոր ժամանակների լավագույն ռեփերներից մեկն է։