Axios․ ԱՄՆ-ը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին՝ Հորմուզի նեղուցի շրջանում

ԱՄՆ-ը կարող է սահմանափակ մասշտաբի հարվածներ հասցնել Իրանին՝ Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ «քննարկում են Հորմուզի նեղուցի շրջանում սահմանափակ հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իրանին զրկելու ռադարները և հրթիռային կարողությունները վերականգնելու հնարավորությունից»։ Պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դրանով փորձում է նվազեցնել Հորմուզի նեղուցում նավթատարների դեմ Իրանի հնարավոր հարձակումների, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմական նավերի և ինքնաթիռների ուղղությամբ հարվածների վտանգը։

Axios-ը նշում է, որ համապատասխան ծրագրերը մշակել են ամերիկացի զինվորականները, իսկ անցած շաբաթ դրանց աջակցել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Սակայն այս պահի դրությամբ Թրամփը դրանց իրականացման հրաման չի տվել։ Միևնույն ժամանակ, պորտալի տեղեկություններով՝ անցած շաբաթ Սպիտակ տունը հակված էր, ի վերջո, մերժել Պենտագոնի առաջարկած ծրագիրը՝ էսկալացիայից խուսափելու համար։

Ավելի վաղ Թրամփը Fox News-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հզոր պատասխան հարված կհասցնի Իրանին՝ Հորդանանում ամերիկյան ուժերի վրա գիշերային հարձակումից հետո։ Նրա խոսքով՝ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգը խոցել էր իրանական բոլոր հրթիռները, բացի մեկից, որը որոշել էին չխոցել, քանի որ ակնկալվում էր, որ այն նշանակալի թիրախի չի հասնի։

Ավելի վաղ Axios-ի և իսրայելական «12-րդ ալիքի» թղթակից Բարակ Ռավիդը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին։ Նրա աղբյուրի խոսքով՝ իրանական կողմը, ենթադրաբար, մտադիր էր այդ կայանքներն օգտագործել «ծովային ականներով հրթիռներ Հորմուզի նեղուց արձակելու համար»։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում և ԱՄԷ-ում ԱՄՆ ռազմակայաններին։

Leave a Comment