Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե է ձևավորվել – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանավորված Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե է ձևավորվել, հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ և գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։

Ըստ նախաձեռնության մասնակիցների՝ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեն միայն նրա պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն չէ։ Նրանք նշել են, որ Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և ազատությունից զրկված անձանց վերաբերյալ խնդիրները։ Նրանք այս ամենը դիտարկում են որպես մեկ ընդհանուր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ։

«Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների»,- հավելել են նախաձեռնության մասնակիցները։

Նախաձեռնությունը համակարգելու է Տոնոյանը, միացել են ՀՀ, Արցախի և Սփյուռքի մի քանի տասնյակ հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ։

Ծառուկյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Քաղաքական գործիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Իրավապահ մարմինները նաև կապարակնքել էին Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ։ Այդ ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացրել։

ԶԼՄ-ները հայտնել էին Ծառուկյանին պատկանող գույքի հնարավոր բռնագանձման մասին։ Քրեական հետապնդման ֆոնին պետությանն էր անցել «Արարատցեմենտ» գործարանը, իսկ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում նշանակվել էր պետական կառավարիչ։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» համալիրը հուլիսի 16-ին անցել էր Երևանի քաղաքապետարանի սեփականությանը, իսկ հուլիսի 31-ին վերաբացվել «Երևան Ուելնես Սենթր» անվամբ։

Leave a Comment