Հայաստանին և Ռուսաստանին կապում են պայմանագրեր, որոնք երկու երկրներին դարձնում են դաշնակիցներ, ինչն ավելին է, քան ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը,Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ երկու երկրները գտնվում են ընդհանուր տնտեսական տարածքում (ԵԱՏՄ, ԱՊՀ) և ունեն երկկողմ պաշտպանական պայմանագրեր, թեև ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցված է։ Այս համատեքստում նախարարը նշել է. «Մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում, հետևաբար պետք չեն արհեստական թեմաներ»:
Միևնույն ժամանակ, ԱԳ նախարարը չի հերքել երկկողմ հարաբերություններում նկատվող լարվածությունը, որն արտահայտվում է ինչպես հանրային հարթակում, այնպես էլ տնտեսական որոշակի սահմանափակումների տեսքով, մասնավորապես՝ հայկական գյուղմթերքի, ծաղիկների, հանքային ջրերի և ալկոհոլի արտահանման մասով։
Ըստ նրա՝ սա փաստում է, որ հարաբերությունները վերանայման կարիք ունեն. «Մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման փոխադարձ հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք»:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ՝ Հայաստանն անթերի է կատարել իր բոլոր պարտականությունները, սակայն ակնկալում է հարգանք սեփական ինքնիշխանության նկատմամբ. «Մենք կարծում ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները ավելի հարգանքով պետք է վերաբերեն մեր ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքին»:
Նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը հակված չէ իրավիճակի սրմանը և հավատարիմ է մնում երկու ժողովուրդների դարավոր կապերին. «Մենք չենք ուզում ավելի թեժացնել իրավիճակը, մենք ոնց հավատում էինք, որ ՀՀ-ն ու Ռուսաստանը կապված են ամուր բարեկամական կապերով, այնպես էլ համարում ենք, որ ապագայում էլ այդպես պետք է լինի»: