Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը. Մասուդ Փեզեշքիան

31 Օգոստոսի, 2026

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, քանի որ պատերազմի շարունակությունը չի բխում որևէ կողմի շահերից։

Այս մասին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Բիշքեկում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։

«Իրանը հավատարիմ է համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին, սակայն, ցավոք, ամերիկյան կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ձգտել համաձայնության և փոխըմբռնման ճանապարհով առաջ շարժվելուն և համոզված ենք, որ պատերազմի շարունակությունը չի բխում ո՛չ մեր, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ ողջ մարդկության շահերից»,— նախագահի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Փեզեշքիանի կարծիքով՝ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք ձգտում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հետագա սրման՝ դրանից իրենց համար օգուտ քաղելով։ Իրանը, իր հերթին, համոզված է, որ անհրաժեշտ է շարժվել խաղաղ ճանապարհով՝ ամրապնդելով կայունությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում։

Ավելի վաղ Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարակ Ռավիդը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող Լարաք կղզում տեղակայված երկու հրթիռային կայանքների։

Leave a Comment