Ո՞ր ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դեպքում ուսուցման ծառայությունները կազատվեն ԱԱՀ-ից

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված՝ «Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման կարգը սահմանելու մասին, որոնց շրջանակներում ուսուցման ծառայությունների մատուցումն ազատվում է ավելացված արժեքի հարկից» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի նպատակն է ապահովել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2026 թվականի մայիսի 6-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-234-Ն օրենքով հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների կիրառումը։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման նոր կարգը, որի շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայությունները կարող են ազատվել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։

Նոր կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշման նախագծով և նպատակ ունի կիրառելի դարձնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ԱԱՀ-ից ազատվում են կառավարության սահմանած կարգով իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայությունները։

Ո՞ր դեպքերում կկիրառվի ԱԱՀ-ից ազատումը

Ուսուցման ծառայությունը ԱԱՀ-ից կազատվի միայն այն դեպքում, երբ միաժամանակ պահպանվեն սահմանված բոլոր պայմանները։

1. Դասընթացը պետք է իրականացնի համապատասխան գրանցում ունեցող կազմակերպություն կամ ԱՁ

Ուսուցման ծառայությունը պետք է մատուցվի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։

2. Դասընթացը պետք է իրականացվի երաշխավորված կրթական ծրագրով

Ծառայությունը պետք է մատուցվի մինչև դրա մեկնարկը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված կրթական մոդուլային ծրագրի շրջանակում։

Այդ ծրագիրը պետք է հրապարակված լինի ուսուցման ազգային ռեեստրում։

3. Ուսուցման կազմակերպիչը պետք է պայմանագիր կնքի յուրաքանչյուր ունկնդրի հետ

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է յուրաքանչյուր ունկնդրի հետ կնքի պայմանագիր։

Պայմանագրում կամ դրան անբաժանելի մաս կազմող փաստաթղթում առնվազն պետք է նշված լինեն՝

  • դասընթացի ծրագիրը,
  • դասընթացի տևողությունը,
  • դասընթացի ժամկետը,
  • դասընթացի ժամանակացույցը։

Ի՞նչ է փոխվում

Գործող կարգավորումներով կառավարության կողմից ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում ուսուցման ծառայությունների մատուցման համար համապատասխան կարգ սահմանված չէր։

Նախագծով այդ բացը լրացվում է, և սահմանվում են այն հստակ պայմանները, որոնց պահպանման դեպքում ոչ ֆորմալ կրթության շրջանակում մատուցվող ուսուցման ծառայությունը կազատվի ԱԱՀ-ից։

Այսպիսով, ոչ բոլոր դասընթացներն ու ուսուցման ծառայություններն են ինքնաբերաբար ազատվելու ԱԱՀ-ից։ ԱԱՀ-ից ազատման համար անհրաժեշտ է, որ ծառայությունը համապատասխանի սահմանված պահանջներին, այդ թվում՝ իրականացվի ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության կամ ԱՁ-ի կողմից և երաշխավորված կրթական մոդուլային ծրագրի շրջանակում։

Ե՞րբ է կարգը ուժի մեջ մտնելու

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Այն կիրառվելու է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայությունների նկատմամբ։

Ընդ որում, կարգը կկիրառվի անկախ այն հանգամանքից՝ տվյալ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը կամ դրա շրջանակում ուսուցման ծառայությունների մատուցումը երաշխավորվել և սկսվել է մինչև որոշման ուժի մեջ մտնելը, թե ոչ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, և պետական բյուջեի եկամուտների էական նվազում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում։

Leave a Comment