Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 768-ի

Նեպալում և Չինաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 768-ի։ Նրանցից 752-ը զոհվել է Նեպալում, ևս 16-ը՝ Տիբեթում, օգոստոսի 30-ին հայտնել են Նեպալի աղետների կառավարման մարմինները և չինական պետական լրատվամիջոցները։

Վերջին տվյալներով՝ Նեպալում անհետ կորած է համարվում 2502 մարդ, իսկ Չինաստանում՝ 546-ը։ Այսպիսով, երկու երկրներում անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է 3048-ի։

AFP-ի հաղորդմամբ՝ Նեպալում սկսվել է զոհվածների մարմինների ժամանակավոր հուղարկավորությունը։ Մինչ այդ մարմիններից վերցվում են ԴՆԹ նմուշներ և կցվում նույնականացման տվյալներ, որպեսզի հարազատները հետագայում կարողանան ճանաչել և վերցնել դրանք։

Նեպալում, որտեղ բնակչության մեծ մասը հինդուիստ է, մահացածներին ավանդաբար դիակիզում են։ Այդ պատճառով ներկայիս հուղարկավորությունները դիտարկվում են որպես ժամանակավոր միջոց՝ մինչև զոհերի հարազատների հայտնաբերումը։

Աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի բարձրլեռնային Ռասուվա շրջանում, որը սահմանակից է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանին։

Նախնական տվյալներով՝ ջրհեղեղը կարող էր առաջանալ խոշոր սողանքի հետևանքով։ Բհոտե Կոշի գետը, որը սկիզբ է առնում Տիբեթից և հոսում Նեպալի տարածքով, դուրս է եկել ափերից։ Դիտարկվում է նաև վարկած, որ սողանքը կարող էր կապված լինել սառցադաշտերի հալման կամ տարածաշրջանում տեղի ունեցած ցնցումների հետ։

Տիբեթը շարունակում է մեծապես սահմանափակ հասանելիություն ունենալ օտարերկրյա լրագրողների համար, ինչի պատճառով տարածաշրջանում աղետի իրական մասշտաբների անկախ գնահատումը դժվարացած է։

Leave a Comment