Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ մոտ 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ է խորտակվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կիրակի ուղևորատար նավ է շրջվել և խորտակվել։ Նավում եղել է մոտ 270 ուղևոր և անձնակազմի անդամ։ Դեպքի վայրում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Նավը Կիրենիայից (Գիրնե) ուղևորվում էր Թուրքիայի Մերսինի նահանգի Թաշուջու նավահանգիստ։ Նախնական տվյալներով՝ այն ափից մոտ 4 ծովային մղոն հեռավորության վրա սկսել է ջուր լցվել, ինչից հետո շրջվել է։

Կիրենիայի քաղաքապետ Մուրատ Շենկուլը հայտնել է, որ իրավիճակը «շատ լուրջ է»։ Ավելի վաղ նա նշել էր, որ փրկարարները հասել են նավում գտնվողներից 159-ին։ Նավում գտնվող մարդկանց ընդհանուր թվի վերաբերյալ տվյալները դեռ տարբերվում են. տարբեր աղբյուրներ հաղորդում են մոտ 267-279 մարդու մասին։

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են առափնյա պահպանության նավեր, ուղղաթիռներ, ինչպես նաև տարածքում գտնվող քաղաքացիական նավեր։ Դեպքի վայր են ուղարկվել նաև շտապօգնության մեքենաներ։

Վթարի պատճառը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, իսկ տուժածների և հնարավոր զոհերի վերաբերյալ վերջնական տվյալներ առայժմ չկան։

Leave a Comment