Bloomberg․ Իրանի պատերազմը բարոյալքել է Թրամփի ընտրողներին ԱՄՆ-ում

Իրանի դեմ ԱՄՆ-ի երկարաձգված ռազմական գործողությունը բարոյալքել է հանրապետական Դոնալդ Թրամփին ընտրած ընտրողներին, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կուսակցության հեռանկարների վրա։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի դեմ ռազմական գործողությունը կտևի չորսից հինգ շաբաթ։ Սակայն արդեն կես տարի շարունակվող հակամարտությունը բարոյալքել է Թրամփին ընտրած քաղաքացիներին, որոնք հույս ունեին, որ նա կզսպի գնաճը և թույլ չի տա ԱՄՆ-ին ներքաշվել արտասահմանյան հակամարտությունների մեջ, նշում է Bloomberg-ը։

Հանրապետական քաղաքական ռազմավարները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի գործողությունը Թեհրանի դեմ անխուսափելիորեն կվնասի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կուսակցության հեռանկարներին։ Հանրապետականների անհանգստությունն ուժեղանում է այն պայմաններում, երբ նվազում է Թրամփի վարկանիշը, իսկ հարցումները վկայում են Մերձավոր Արևելքում պատերազմի և բենզինի գների աճի պատճառով բնակչության դժգոհության մասին։

Bloomberg-ը գրում է, որ որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ հանրապետականները կարող են կորցնել մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում։ Ընտրությունների նման արդյունքը կխոչընդոտի Թրամփի ծրագրերի իրականացմանը և կհանգեցնի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող օրենսդիրների կողմից գործող վարչակազմի գործունեության վերաբերյալ մի շարք հետաքննությունների։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվեն Սենատի՝ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի՝ ստորին պալատի բոլոր 435 անդամները։ Ներկայում հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները։

Leave a Comment