Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների ռուսական շուկա մատակարարման դեմ ենթադրյալ պատժամիջոցների մասին հայկական հայտարարությունները մանիպուլյատիվ են։
Գալուզինը նշել է, որ մի շարք հայ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից կիրառված «պատժամիջոցներ»։
«Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն», — ասել է փոխնախարարը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը, և դրա պահանջները լավ հայտնի են՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը և մատակարարումների հետագծելիությունը։
«Ավելին, Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունել, որ որոշակի ապրանքների հետ կապված կան որակի խնդիրներ», — ընդգծել է Գալուզինը։