Բաքվում հայերենն ուսումնասիրելու հնարավորություններն ընդլայնվում են․ լեզուն արդեն դասավանդվում է մի քանի բուհում, իսկ առաջիկայում նաև՝ Բաքվի Սլավոնական համալսարանում։ Ադրբեջանական կողմում սա բացատրում են մասնագետներ պատրաստելու և Հայաստանի լեզուն, պատմությունն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակադրմամբ, բայց նաև՝ աճող հետաքրքրությամբ։
Բաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կսովորեցնեն։ Բուհի գիտական խորհուրդն արդեն որոշում է ընդունել, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ռեկտոր Անար Նաղիևը։ Թե 2026–2027 ուսումնական տարում քանի ուսանող կընդգրկվի ծրագրում, և ինչ ձևաչափով կդասավանդվի հայերենը, դեռ հայտնի չէ։ Բայց սա Ադրբեջանում հայերենի ուսուցման առաջին փորձը չէ։ Լեզուն արդեն դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում և Ադրբեջանի լեզուների համալսարանում։ Վերջինս նաև պատրաստում է հայերենից թարգմանիչներ։ Ադրբեջանի լեզուների համալսարանի Թարգմանության ֆակուլտետի դեկան Բանովշա Մամեդովան իր ելույթներից մեկում ասել է, մեջբերում․
«Թարգմանության ֆակուլտետում հայերենի մասնագիտության բացման հիմնական նպատակն է ուսումնասիրել և հետազոտել հայերենը, պատմությունը, մշակույթը, գաղափարախոսությունն ու ինքնությունը, ինչպես նաև ունենալ հայերեն խոսող մասնագետներ»։
Ադրբեջանի խորհրդարանում այդ երկրի կառավարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ հայերեն են ուսումնասիրում նաև Ադրբեջանի զինվորական ակադեմիաներում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է․
«Բաքվի պետական համալսարանում, եթե չեմ սխալվում, 2010-ական թվականներից ուսումնասիրում են հայերենը, նույնը՝ Ադրբեջանի լեզուների համալսարանում։ Էնտեղ զինվորական ակադեմիաներ ունեն, որտեղ ևս ուսումնասիրում են հայերենը։ Եվ դա Հայաստանի դեմ մղվող իրենց տեղեկատվական, քաղաքական, հոգեբանական պատերազմի կարևոր բաղադրիչն է»։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը Հայաստանն ու հայ հասարակությանը հետևողականորեն ուսումնասիրում է, և այդ աշխատանքում լեզվի իմացությունը կարևոր գործիք է։ Այսինքն՝ լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև տեղեկատվություն հավաքելու միջոց է։
«Երբ ադրբեջանական մեդիայի մոնիթորինգ ես անում, հասկանում ես, որ իրենք, էսպես ասած, խոշորացույցով ուսումնասիրում են Հայաստանի զարգացումները, հայ ժողովրդի մենթալիտետը, մշակութային, ինքնութենական հոգեկերտվածքը, թույլ, ուժեղ կողմերը, որպեսզի կարողանան համապատասխան տեղեկատվական, հոգեբանական, հիբրիդային պատերազմները ճիշտ թիրախավորումներով կազմակերպել»։
Հայրապետյանի համար ուշագրավ է, որ հայերենի ուսուցումն ընդլայնվում է այն բուհերում, որոնք առաջ են տանում Հայաստանի վերաբերյալ այդ երկրի պատմաքաղաքական թեզերը, որոնք անընդունելի են Հայաստանում։
«Նույն Բաքվի Սլավոնական համալսարանը հունիսին ինչ-որ հրապարակումներ էր արել, իբր գրքեր հրապարակել, որտեղ կրկին Հայաստանի դեմ առաջ էր մղվում էդ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական ծրագիրը, ցուցահանդեսներ էին արել դրա վերաբերյալ»։
Ադրբեջանական կողմում նաև գնահատումներ կան, որ վերջին տարիներին հայերեն սովորողների թիվը մեծացել է։ Ադրբեջանի լեզուների համալսարանի հայերենի դասախոս Հուսեյն Ասկերովը JAMnews-ի հետ հարցազրույցում պատմել է․ մեջբերում․
«44-օրյա պատերազմից հետո ավելի ու ավելի շատ ադրբեջանցիներ են ցանկանում սովորել հայերեն։ Ես նույնիսկ չեմ հասցնում բոլոր ցանկացողներին ընդգրկել դասընթացներում, թեև նման մասնագետների կարիքը իսկապես մեծ է»։
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ սա դժվար է գնահատել միայն ակադեմիական հետաքրքրություն, վստահ չէ, որ սա բացառապես խաղաղասիրական նպատակներով է։ Հարցն այն է, թե ինչպես է այդ ասվածը մեկնաբանվում, դասակարգվում և օգտագործվում Ադրբեջանում՝ ասում է։
Միաժամանակ, Հայաստանում ևս խորացվում է հարևան երկրի լեզվի ու հասարակության ուսումնասիրությունը։ ԵՊՀ բակալավրիատում «Ադրբեջանագիտություն» ծրագրի նոր փուլն է մեկնարկում է այս ուսումնական տարում․ ուսանողները ոչ միայն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմությունն ու քաղաքականությունը, այլև խորությամբ սովորում ադրբեջաներեն։ Ադրբեջաներենով լուրեր հաղորդող լրատվամիջոցներն էլ վերջին շրջանում փոքր-ինչ ավելացել են։
Այս ուղղությամբ տասնամյակների փորձ ունի նաև Հանրային ռադիոն, որի լրատվությունը հասանելի է նաև հարևան երկրների ու Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներով։ Ադրբեջաներեն լուրեր Հանրային ռադիոն հաղորդում է դեռևս 1935 թվականից։ Ռադիոյի արխիվներն ու ձեռագիր փաստաթղթերն էլ այս պատմության ուշագրավ մասն են։