Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մի քանի շրջանում շաբաթ վաղ առավոտյան պայթյունների և երկարատև կրակոցների ձայներ են լսվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Անվտանգության ծառայությունների աղբյուրի տեղեկություններով՝ զինված անձինք հարձակվել են մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա և փորձել ճեղքել նախագահական պալատի շուրջ ստեղծված անվտանգության գիծը։
Նախագահական պալատի հարակից տարածքում կրակոցները, ըստ հաղորդումների, ինտենսիվ և շարունակական էին։ Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է օդանավակայանի մոտ տեղակայված զրահատեխնիկա։ Օդանավակայանի տարածքում է գտնվում երկրի խոշորագույն ռազմաօդային բազան՝ «Բազա 101»-ը։
Նիգերի հայտնի քաղաքական գործիչ, երկրի ժամանակավոր խորհրդի խորհրդատվական մարմնի բյուրոյի անդամ Բանա Վագանա Իբրահիմը հայտնել է, որ իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից։
«Եվս մեկ վախկոտ հարձակում «Բազա 101»-ի վրա, և մեր պաշտպանության ու անվտանգության ուժերը կրկին գործի են անցել։ Իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասել է նա։
