
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խստորեն դատապարտել է Ճապոնիայի Միսավա ռազմաբազայում տեղակայված ամերիկյան F-16 կործանիչների օգտագործումն Իրանին հարվածելու նպատակով:
Ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել խաղաղասեր ճապոնացիներին իրենց կառավարությունից բացատրություններ պահանջել ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ:
Ըստ նրա՝ Միսավա բազայի ինքնաթիռների ներգրավումն ապացուցում է, որ Վաշինգտոնն արտերկրում գտնվող իր ռազմական օբյեկտներն օգտագործում է ոչ թե ընդունող երկրի պաշտպանության, այլ ագրեսիվ քաղաքականություն վարելու համար:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ այդ կործանիչները գարնանը Ճապոնիայից տեղափոխվել են Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ գործողություններին մասնակցելու նպատակով, ինչը պաշտոնական Տոկիոն դեռևս չի մեկնաբանել: