Նոր ուսումնական տարին սկսվում է ոչ միայն նոր դասագրքերով ու դասացուցակներով։ Փոխվում են նաև դպրոցի կառավարման կանոնները, ուսուցչի աշխատանքի չափանիշները, տեխնոլոգիաների դերը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մոտեցումը, թե ո՞վ և ինչպե՞ս է երեխային դասավանդելու։ Այս փոփոխությունների մի մասը արդեն սեպտեմբերից կգործարկվեն, մյուսները՝ ուսումնական տարվա ընթացքում։
Սեպտեմբերից մարզային դպրոցների կառավարման համակարգը փոխվում է։ Բովանդակային կառավարման հարցերը կանցնեն ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթները կշարունակեն մնալ մարզպետարանների աշխատակազմերի վերահսկողության ներքո՝ ուսումնական տարվա մեկնարկին պարզաբանում է նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա ոչ թե նշանակում է, որ տեղերում աշխատանքի անհրաժեշտություն չի լինի, այլ մենք ուղղակի ունենում ենք ավելի հստակ աշխատանքի բաժանում ԿԳՄՍ նախարարության և տարածքային կառավարման մարմինների կամ մարզպետի աշխատակազմերի միջև»։
Դպրոցում հայտնվում է նոր «գործընկեր»՝ արհեստական բանականությունը՝ ոչ թե ուսուցչին փոխարինելու, այլ նրա աշխատանքը թեթևացնելու համար՝ վերլուծել աշակերտի առաջադիմությունը, կազմել առաջադրանքներ ու թեստեր, կրճատել ժամանակատար գործերը։ Արդեն գործող AI ծրագիրը կընդլայնվի և կընդգրկի 39 դպրոց։
«Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ։ Դա իրողություն է»։
Նախարարը մատնանշում է նաև աշակերտների միջազգային արդյունքները․ հայկական դպրոցներից միջազգային օլիմպիադաներում նախորդ տարվա 91 մեդալի դիմաց այս տարի ունենք 115-ը։ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից էլ հայկական թիմը վերադարձել է երկու բրոնզե մեդալով։ Բայց համակարգի ամենակարևոր օղակը շարունակում է մնալ ուսուցիչը։ Իսկ եթե նա չի համապատասխանո՞ւմ պահանջներին։ Ատեստավորումը շարունակվում է՝ ասում է նախարարը, բայց նաև շեշտում՝
«Եթե առարկայական գիտելիքի խնդիրը սահմանափակում է և շարունակական աջակցության դեպքում էլ տեղի չի ունենում արդյունավետության բարձրացում, հետևաբար, գուցե այդ մարդու զբաղվածությունը պետք է փնտրել այլ տեղ, և մեր երեխաների հետ պետք է աշխատեն այն ուսուցիչները, որոնք կարողանում են նաև այդ գործընթացում ցույց տալ իրենց իմացությունն ու հմտությունները»։
Այս աշնանը կրկնակի ատեստավորմանը պետք է մասնակցի շուրջ 500 ուսուցիչ։ Նախորդ փուլերից հետո շուրջ 80 ուսուցչի մասով արդեն որոշում է կայացվել։ Նախատեսվում է փոխել նաև վարձատրության համակարգը՝ ներդնելով 300 հազար դրամ դրույքաչափ։ Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա․ի՞նչ պիտի լինի այն դպրոցներում, որտեղ համապատասխան մասնագետ պարզապես չկա, երբ, ասենք, գյուղի դպրոցում ֆիզիկա դասավանդում է ոչ ֆիզիկայի մասնագետը։ «Ռադիոլուրին» ի պատասխան՝ Անդրեասյանը նշում է՝ համակարգի ամենացավոտ խնդիրներից մեկի լուծումը նաև հեռավար կրթությունն է։
«Մենք ունենք հեռավար դասավանդման հնարավորություն, նախորդ տարի դրանից օգտվել է 120 դպրոցի ավելի քան 7000 երեխա։ Եթե ֆիզիկապես ուսուցիչ չկա, մենթոր դպրոցի ուսուցիչը հեռավար դասավանդում է առարկան և դա էլ բերում է նրան, որ ֆիզիկան ֆիզիկայի մասնագետը դասավանդի, ոչ թե ֆիզկուլտուրայի ուսուցիչը»։
«Ռադիոլուրի» մյուս հարցին՝ դպրոցներում և դպրոցների տարածքում, այդ թվում՝ սանհանգույցներում թմրամիջոցների նկատմամբ վերահսկողության մասին, նախարարն արձագանքել է․
«Ներքին գործերի նախարարության հետ տևական ժամանակ է այդ ուղղությամբ աշխատում ենք և շատ ակտիվ փոխգործակցում ենք և մենք ամեն ինչ պիտի անենք մեր երեխաներին զերծ պահելու վնասակար սովորություններից։ Լրացուցիչ ստուգումները դպրոցամերձ տարածքներում երբեք ավելորդ չեն, բայց դա միշտ արվում է մարդու իրավունքների և երեխայի լավագույն շահի համատեքստում»։
Բայց երեխայի անվտանգության խնդիրները դպրոցից դուրս էլ են տարածվում։ Ինչպե՞ս պաշտպանել երեխային թվային միջավայրում։ Կառավարության նոր ծրագրում արդեն ամրագրված է երեխաների առցանց միջավայրի սահմանափակումը։ Այժմ այդ հարցով հետազոտություն է արվում։ Նախարարն էլ իր անձնական դիրքորոշումը չի թաքցնում։
«Իմ անձնական կարծիքն է, որ մենք պետք է ունենանք սահմանափակումներ։ Ես տեսնում եմ՝ ինչպես է սոցիալական ցանցերի բովանդակությունը ազդում մեր երեխաների ուշադրության, կենտրոնացվածության, նրանց մոտ տարբեր ոչ բարենպաստ վարքագծի կանոնների ձևավորման ուղղությամբ»։
Այս տարի ավագ դպրոցների ընդունելությունը վերածվեց առանձին խնդրի։ Մեկնարկից ընդամենը րոպեներ անց մի շարք դպրոցներում տեղերը սպառվել էին։ Շատ երեխաներ չէին կարողացել ընդունվել իրենց նախընտրած դպրոց, իսկ ծնողները գործընթացը բոտավորված էին համարում։ Նախարարը հերքում է նման լուրերը․
«Յուրաքանչյուր երեխա կարող էր մեկ համակարգչով գրանցվել, և որևէ բոտավորված գործընթացի մասին խոսք լինել չի կարող։ Մենք նաև հետևում ենք ամբողջ գործընթացին, որպեսզի հասկանանք, թե որտեղ ինչպիսի իրավիճակ է ձևավորվում»։
Անդրեասյանի խոսքով՝ Երևանի որոշ թաղամասերում ավագ դպրոցների տեղերը պարզապես չեն բավարարում պահանջարկին, ու անհրաժեշտ է նոր ավագ դպրոցներ կառուցել։ Սա քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հետ, իսկ նոր դպրոցների կառուցումը կառավարության « 300 դպրոց» ծրագրի հաջորդ փուլում է։
Այս բոլոր փոփոխությունների իրական արդյունքը պետք է չափվի մեկ պարզ հարցով՝ ի՞նչ է դրանից ստանում երեխան։ Իսկ դասերի մեկնարկը սարերի հետևում չէ։