Ինչպե՞ս փրկել Սևանը․ ԱԶԲ-ն նոր ծրագրեր է իրականացնում — Հայաստանի Հանրային Ռադիո

Սևանա լճին ապագայում սպառնում են ինչպես քանակական, այնպես էլ որակական տարբեր ռիսկեր։ Սա պայմանավորված է կլիմայի փոփոխություններով ու մարդու անմիջական միջամտությամբ։ Տարեկան ավելի քան 3 մլն խորանարդ մետր ջուր է ամբարում Սևանը։ Լճի խնդիրները  ավելի են սրվում կեղտաջրերի պատճառով։ Ասիական զարգացման բանկը ներդրումային ծրագիր է առաջարկել՝ մեխանիկական մաքրման կայանները փոխարինել կենսաբանականով։  

Սևանա լիճն այս տարի սովորականից ավելի մաքուր է, բայց կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ մի շարք գործոններ լճի համար ռիսկային են դարձել։ Այստեղ առաջնայինը կլիմայի գլոբալ փոփոխությունն է, որի պատճառով պակասում են գետային հոսքերը, ավելանում է գոլորշիացումը։ Բացի այդ, Սևանա լճի վրա մեծ ազդեցություն ունի նաև շրջակա բնակչության կենսագործունեությունը։ ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի կլիմայական ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյան․

 «Այս բոլորը բերում է նրան, որ երկարաժամկետում Սևանին սպառնում են ինչպես քանակական, այնպես էլ որակական տարբեր ռիսկեր։ Քանակական ռիսկերն առավելապես պայմանավորված են կլիմայի գլոբալ փոփոխությամբ , գետային հոսքն է պակասում։ Այսօր Սևան 28 տարբեր գետ ու գետակներ են լցվում, որոնք տարբեր գնահատականներով այսօր մինչև 800 միլիոն մ³ ջուր են տարեկան բերում Սևան։ Տարբեր կլիմայական սցենարների ներքո կան գնահատականներ, որ էդ հոսքը կարող է մինչև կիսով չափ կամ գուցե ավել պակասել»։

Տարեկան ավելի քան 3 մլն խորանարդ մետր ջուր է ամբարում Սևանը։ Լճի խնդիրները  ավելի են սրվում կեղտաջրերի պատճառով։ Մտահոգիչը ջրի ծաղկումն է, որը հիմնականում պայմանավորված է ֆոսֆորի շարունակական կուտակումով։ Ասիական զարգացման բանկը տարիներ շարունակ Հայաստանի ջրային ոլորտի խնդիրների լուծմանն է աջակցում: ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովա․

 «Սա գանձ է, Հայաստանի հարստությունը։ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական արժեք է, այլ երկրի տնտեսական ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչ, որը նպաստում է ջրային անվտանգության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մարդկանց կենսագործունեության բարելավմանը։ Այս բոլորը Ասիական զարգացման բանկի համար լիճը մաքրելու մտադրության հիմք դարձան»։

Սևանի ավազանում այսօր մոտ 200 հազար մարդ է ապրում։ Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններ կան։ Ասիական զարգացման բանկը դրամաշնորհների միջոցով աջակցում է, որ դրանք վերափոխվեն կենսաբանական մաքրման կայանների։

«Այս կարևոր փուլում մենք ցանկանում ենք ուսումնասիրություններից անցնել դեպի գործնական և ներդրումային լուծումների հատված` այսպիսով նվազեցնելով Սևանա լճի աղտոտումն ու բարելավելով այն համայնքների վիճակը, որոնք կախված են այդ արժեքավոր ռեսուրսից»։

Ծրագիրն այժմ նախագծման փուլում է։ 1-ին փուլի ներդրումային փաթեթն արդեն հավանության է արժանացել։

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյան․ «Ոլորտային խնդիրները շատ են, և մենք ուրախ ենք, որ ունենք գործընկերներ, որոնց ճկունության, որոնց ջանքերի, որոնց ներգրավվածության և համատեղ աշխատանքի արդյունքում նմանօրինակ մեծ ծրագիր ենք իրականացնում»։

  Ոչ պակաս կարևոր են նաև կենսաբանական մաքրման կայանների շահագործման ու պահպանման հարցերը։ Դրանք այս պահին քննարկման փուլում են։

Leave a Comment