Դատավորը Գարեգին Բ-ի գործն ուղարկեց Երևանի դատարան – armeniatoday.am

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գործի տարածքային ընդդատությունը (այսինքն՝ արդյոք գործը պետք է քննվի հենց Արմավիրի մարզի դատարանում-խմբ․) և որոշել այն ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ռուշանյանը հայտարարել է, որ մտահոգված է՝ եթե գործը քննվի իր նախագահությամբ, հետագայում դատական ակտը կարող է վերացվել վերաքննության կամ վճռաբեկության կարգով՝ ընդդատության հարցը ոչ ճիշտ լուծելու պատճառով։ Նրա խոսքով՝ նման պայմաններում չի բացառվում նաև իր նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցի առաջացումը։

«Ես իրապես մտահոգ եմ, որ իմ նախագահությամբ եթե այս գործը քննվի, հնարավոր է՝ հետագայում վերաքննության կամ վճռաբեկության կարգով ակտը վերացվի, ինչի պայմաններում նույնիսկ հնարավոր է՝ կարգապահական պատասխանատվության ենթարկվեմ՝ ընդդատության հարցն այս փուլում ճիշտ չլուծելու համար»,- հայտարարել է դատավորը։

Ռուշանյանը պարզաբանել է, որ հարցն առաջացել է մեղադրանքի ձևակերպման պատճառով։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ին վերագրվող արարքի վերաբերյալ մեղադրանքում նշված չէ, թե որտեղ է այն կատարվել, մինչդեռ մյուս մեղադրյալների մեղադրանքներում համապատասխան վայրը նշված է։

«Ես անկեղծ այս հարցը նույնիսկ չէի բարձրացնի, եթե մյուսների մեղադրանքում ևս նշված չլիներ։ Եթե նշված է մյուսներում, բայց կաթողիկոսին վերագրվող արարքում նշված չէ, դա առնվազն հարց է առաջացնում»,- ասել է Ռուշանյանը։

Դատավորը նշել է, որ այս փուլում դատարանը չպետք է ինքնուրույն գնահատի՝ վայրը չնշելը վրիպակի արդյունք է, թե ոչ, և եթե վրիպակ է, ապա հնարավոր է արդյոք փոխել մեղադրանքը, թե բավարար է դատախազի բանավոր հայտարարությունը։

Միևնույն ժամանակ Ռուշանյանը շեշտել է, որ գործն այլ դատարան ուղարկելը չի նշանակում, թե ինքը փորձում է խուսափել դրա քննությունից։

«Ես չեմ պատրաստվում խուսափել այս գործի քննությունից։ Եթե վեճի արդյունքում որոշվի, որ այս գործն ինձ է ընդդատյա, մենք կհանդիպենք հաջորդ դատական նիստում»,- հայտարարել է դատավորը։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը որոշել է քրեական գործը տարածքային ընդդատության կանոններով ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Գարեգին Բ-ի փաստաբան Արա Զոհրաբյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ պաշտպանությունը համաձայն չէ կաթողիկոսի և վեց հոգևորականի գործը Երևան ուղարկելու դատարանի որոշման հետ։

Նրա խոսքով՝ գործը պետք է քննվեր Արմավիրի մարզի դատարանում։ Զոհրաբյանը դատարանի որոշումը գնահատել է նաև որպես նշան, որ դատավորները հասկանում են՝ գործը «խնդրահարույց» է։

Փաստաբանը մտահոգություն է հայտնել, որ Երևանում գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորի, որի նկատմամբ պաշտպանությունը վստահություն չունի։

Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամներին մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) պաշտոնավարման վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի նկատմամբ այս գործով կիրառվել էր բացակայելու արգելք, որն ապրիլին վերացրել էր։ 

Մասնավորապես, 2026 թվականի հունվարին Սարոյանը դատարանում վիճարկել էր իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի որոշումը։ Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցրել էր մինչև գործով վերջնական որոշման կայացումը ապահովել Սարոյանի պաշտոնավարումը և չխոչընդոտել թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը։

Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամները որոշել են կաթողիկոսին առաջարկել Սարոյանին կարգալույծ հռչակել, իսկ Գարեգին Բ-ն նրան կարգալույծ է հռչակել։ Մեղադրող կողմը հենց այդ գործողություններն է դիտարկում որպես դատարանի որոշման կատարմանը խոչընդոտում։ 

Դատական գործընթացը իշխանություն-եկեղեցի հակադրության ֆոնին է, որը սրվել էր 2025 թվականի մայիսից, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել կաթողիկոսի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունիսին Փաշինյանն արդեն առաջարկել էր ստեղծել համակարգող խորհուրդ՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ 2026-ին իշխանությունը շարունակել է պնդել Գարեգին Բ-ի հեռացման անհրաժեշտությունը, իսկ կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել են կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Leave a Comment