Այս գործը նույնիսկ ապացույցների հետազոտման փուլ չպետք է հասնի․ Արա Զոհրաբյան

Այսօր ականատես եղանք, որ դատավորը նույնպես չցանկացավ քննել Վեհափառի և 6 եպիսկոպոսների դատական գործը։ Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, որովհետև գտնում ենք, որ քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն ընդունվել է Էջմիածնում, գործը պետք է քննվեր հենց այս դատարանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մի կողմից՝ սա խոսում է այն մասին, որ դատավորները հասկանում են գործի խնդրահարույց լինելը. մի կողմից իրենց խիղճն է ու արդարությունը, մյուս կողմից՝ քաղաքական ճնշումը։ Երևի թե այս ճանապարհն են գտել»,- ընդգծել է փաստաբանը։

Արա Զոհրաբյանն իր մտահոգությունն է հայտնել նաև գործի հնարավոր մակագրման վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է մակագրվել այնպիսի դատավորների, որոնց հանրությունը չի վստահում, ինչը խնդիրներ է հարուցելու արդարադատության ակնկալման առումով։

«Մեր հաջորդ քայլն է լինելու միջնորդություն ներկայացնելը, որպեսզի գործը կարճվի հենց այս փուլում։ Այս գործը նույնիսկ ապացույցների հետազոտման ճանապարհ չպետք է անցնի»,- հավելել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Leave a Comment