Politico․ Բելգիայի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին կանչել է նախարարին ծաղրելու պատճառով

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթին կանչել է ԱԳՆ՝ սոցիալական ցանցերում Բելգիայի առողջապահության նախարարին ծաղրելու պատճառով։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ Ուայթը ավելի վաղ սոցիալական ցանցում հրապարակել էր Բելգիայի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկի լուսանկարը, որը, ենթադրաբար, ստեղծվել էր արհեստական բանականության միջոցով, և այն մակագրել. «Ո՞վ է Բելգիայի գլխավոր անհաջողակը»։ Լուսանկարում նախարարի դիմանկարն էր պատկերված ծխախոտի տուփի վրա։ Տուփի վրա գրված էր. «Վանդենբրուկ. ոչնչացնում է կյանքի բոլոր հաճույքները»։

Ի պատասխան՝ Պրևոն հայտարարել է, որ «դեսպանի կողմից կառավարության անդամի հասցեին նման վիրավորական արտահայտությունների օգտագործումն անընդունելի է»։ Բելգիայի ԱԳՆ-ում հաստատել են ԱՄՆ դեսպանի կանչը։

Politico-ն հիշեցնում է, որ մարտին Վանդենբրուկն առաջարկել էր օրենք, որի համաձայն՝ ալկոհոլի գովազդում առողջությանը հասցվող վնասի մասին նախազգուշացման ձևակերպումը պետք է փոխվի «Ալկոհոլի չարաշահումը վնասում է առողջությանը» տարբերակից՝ «Ալկոհոլը վնասում է առողջությանը»։ Պարբերականի փոխանցմամբ՝ Ուայթի հրապարակումը, ամենայն հավանականությամբ, ծաղրանք էր այդ նախաձեռնության հասցեին։

Փետրվարին Ուայթին կանչել էին Բելգիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ նա Բրյուսելին մեղադրել էր հակասեմիտիզմի մեջ՝ հրեական համայնքում առանց բժշկական արտոնագրի երեխաների թլպատման պրակտիկայի վերաբերյալ հետաքննության պատճառով։ ԱՄՆ դեսպանը X սոցիալական ցանցում հրապարակումների շարք էր արել՝ պաշտպանելով տեղի հրեական համայնքի այդ ավանդույթը և հայտարարելով, թե այսուհետ թագավորության հեղինակության վրա «ամոթալի բիծ» է մնացել, իսկ «ողջ աշխարհը Բելգիային դիտարկում է որպես հակասեմական պետություն»։

Leave a Comment