«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու և եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու մեջ։
Նա Amsterdam & Partners-ի անունից կոչ է արել աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և հայկական սփյուռքի համայնքներին հրապարակավ հանդես գալ Հայ Առաքելական եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ։
«Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից։ Այժմ Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ Առաքելական եկեղեցու վրա»,- հայտարարել է Ամստերդամը։
Փաստաբանը պնդել է, որ Հայաստանի իշխանություններն «առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնում են բուն եկեղեցու վերափոխմանը»։ Նա այդ համատեքստում հիշատակել է բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումները և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները։
Ամստերդամը նաև անդրադարձել է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում եկեղեցուն վերաբերող դրույթներին և Ազգային ժողովում եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ քննություն անցկացնելու առաջարկին։
«Մոտ երկու հազար տարի Հայ Առաքելական եկեղեցին դիմակայել է կայսրերին, բռնապետերին, հալածանքներին ու ցեղասպանությանը։ Այժմ վարչապետը կարծում է, թե ինքը կարող է որոշել, թե ով պետք է ղեկավարի այն, ինչպես պետք է ինքնակառավարվի և ինչպես հայերը պետք է ընկալեն իրենց եկեղեցին։ Սա բարեփոխում չէ։ Սա անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ է»,- նշել է փաստաբանը։
Նա միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ հայտարարելով, որ եկեղեցու ղեկավարության և ներքին կառավարման հարցերը պետք է որոշվեն առանց պետական միջամտության։
«Եկեղեցին չի պատկանում Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»,- ընդգծել է Ամստերդամը։
Իշխանություն-եկեղեցի բաց հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսից, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել կաթողիկոսի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունիսին Փաշինյանն արդեն առաջարկել էր ստեղծել համակարգող խորհուրդ՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ 2026-ին իշխանությունը շարունակել է պնդել Գարեգին Բ-ի հեռացման անհրաժեշտությունը, իսկ կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել են կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Կաթողիկոսին մեղադրում են նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Նրա նկատմամբ կիրառվել էր բացակայելու արգելք, որն ապրիլին վերացրել էր։ Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսի գործը և ուղարկել դատարան։ Դատական նիստ կկայանա այսօր՝ օգոստոսի 28-ին, որին կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցելու։
Փաշինյանն օգոստոսի 27-ին Գարեգին Բ-ին մեղադրել էր «նոր հեղափոխություն» սկսելու փորձի մեջ։
