Փաշինյանը վերանշանակել է մի շարք փոխնախարարների և գերատեսչությունների ղեկավարների, 3-ը ազատվել են պաշտոններից


ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել գերատեսչությունների մի շարք ղեկավարների և նրանց տեղակալների վերանշանակման, ինչպես նաև երեք փոխնախարարների պաշտոնից ազատելու մասին։


Վարչապետի որոշումների համաձայն՝ պաշտպանության փոխնախարարների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը, արդարադատության փոխնախարարներ՝ Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը, էկոնոմիկայի փոխնախարար՝ Արման Խոջոյանը, ֆինանսների փոխնախարարներ՝ Էդգար Մկրտչյանը և Վահագն Սիրունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարներ՝ Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար՝ Լուսինե Քոչարյանը։


Վերանշանակվել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արամ Ջիվանյանը, Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Սիրո Ամիրխանյանը, Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանը և Լեզվի կոմիտեի ղեկավար Սիրանուշ Դվոյանը։


Վերանշանակվել են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում Վահան Կոստանյանը, Մնացական Սաֆարյանը, Ռոբերտ Աբիսողոմյանը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Անի Ավետիսյանը։


Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։


Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։


Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական։


Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։


Իրենց պաշտոններից ազատվել են էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։


 

Leave a Comment