2017 թվականին մոտ 1700 հա տարածք այրվեց Խոսրովի պետական արգելոցում, իսկ կրակը մարել չէր հաջողվում շուրջ մեկ ամիս։ Իհարկե, հրդեհից տուժած տարածքների զգալի մասը տարիների ընթացքում վերականգնվեց, սակայն ոչ գիհիները։
Այս տեսակի վերականգնման համար պահանջվում են հարյուրավոր տարիներ։ Գիհին Կարմիր գրքում գրանցված տեսակ է։ Հեշտությամբ այրվում է. թերևս սա է նաև պատճառներից մեկը, որ այն ժամանակ կրակը տևական ժամանակ մարել չէր հաջողվում։ Այսօր, սակայն, մասնագետները փորձում են գտնել տարբերակներ տեսակի աճը վերականգնելու ուղղությամբ։

Սոնա Քալանթարյանն է՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներից, պատմում է, թե ինչպես է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում հնարավոր եղել հաջողությամբ աճեցնել այդքան անհավանական թվացող գիհին։ Խոստովանում է՝ բարդ և ժամանակատար աշխատանք է։
Քալանթարյանը, այդուհանդերձ, դեռ չի շտապում հայտարարել, որ կարող են վերականգնել, օրինակ՝ Խոսրովի պետական արգելոցում կորցրած գիհիները։ Ասում է՝ ամեն ինչ դեռ փորձնական փուլում է, և մասսայական տնկումներ չեն արվել։
Հաջողությամբ աճեցված տնկիները կտնկվեն հիմնադրամի կողմից վերահսկվող պահպանվող տարածքում։ Սա, ի դեպ, գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձն է։

Հիմնադրամի կողմից պահպանվող տարածքները ձգվում են Արարատի մարզից դեպի Վայոց Ձոր և Սյունիք։ Այս տարածքները պատահական չեն ընտրվել, մանրամասնեց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ապաստարանի տարածքի պահպանությունն իրականացվում է նորարարական մոնիթորինգով, ֆոտոթակարդներով ու հակահրդեհային համակարգերով։ Բարձր լեռնային տարածքներում տեղադրված տեսախցիկն էլ մշտադիտարկում է յուրաքանչյուր շարժ, ընդհուպ որսագողերին է տեսանկարահանում։ Բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում կիրառվում են անօդաչու թռչող սարքեր՝ դրոններ։
Առհասարակ մասնավորի կողմից կառավարվող պահպանվող տարածքի այս մոդելի օրինակը կներկայացվի նաև Երևանում կայանալիք COP համաժողովին։ Ռուբեն Խաչատրյանի համոզմամբ՝ աշխարհի կողմից սահմանված 30×30 թիրախին հասնելու համատեքստում այս մոդելը կարող է հետաքրքրություն առաջացնել տարբեր երկրներում։
Համաձայն սահմանված թիրախի՝ ամբողջ աշխարհում պահպանվող տարածքների մակերեսը պետք է հասցնել ողջ մոլորակի մինչև 30 տոկոսին։ Հայաստանը ևս սահմանել է ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030 թվականը։ Այժմ Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի 13,1%-ն են կազմում։