Մոսկվան զարմացած է ՀԿԵ-ի շուրջ Երևանի հայտարարություններից․ Լավրով – armeniatoday.am

Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կապված իրավիճակը, РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Միևնույն ժամանակ նա զարմանք է հայտնել, որ հայկական կողմն ի հայտ եկած հարցերը ռուս գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն դրանք անմիջապես հանրային դաշտ է տեղափոխում։

«Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։ Եվ մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանրայնացվում։ Մինչդեռ, եթե հարցեր են ծագել են, կարելի է խոսել այդ մասին գործընկերոջ հետ»,- հայտարարել է Լավրովը։

Այս համատեքստում նա ընդգծել է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն փոխվարչապետերի մակարդակով կանոնավոր շփումներ ունեն։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև երկաթուղու կառավարման պայմանների հնարավոր վերանայման և ռուսական կողմից վճարումներ պահանջելու վերաբերյալ Երևանից հնչող հայտարարություններին։ Նա նշել է, որ հայկական կողմի վերջին որոշ պահանջներ զարմանք և «հույզեր» են առաջացնում նաև ռուսական կողմում։

Նա պատասխանել է հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում «թույլ չտալ նույն սխալները», ինչպիսին Ուկրաինայի պարագայում էր։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ռուսական կողմից «ամեն ինչ արված է»։

«Մենք ներկայացրել ենք մեր բոլոր դիրքորոշումները, ինչպես նաև այն առավելությունները, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։ Մասնավորապես, Հայաստանը մեզնից էներգակիրներ է ստանում 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրամիությունում գործող գներն են։ Ելնում եմ նրանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան»,- հավելել է Լավրովը։

Հայաստանի երկաթուղին 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է հանձնված «Ռուսական երկաթուղիների» դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ 30 տարով։

Փաշինյանը 2026-ին հայտարարել էր, որ ռուսական կառավարման պատճառով պատժամիջոցային ռիսկեր են առաջանում Հայաստանի երկաթուղին միջազգային տրանսպորտային ցանցերին ինտեգրելու համար և առաջարկել էր կոնցեսիոն իրավունքը վաճառել երրորդ երկրի։ Փաշինյանը հուլիսին հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներից» տարեկան 2 մլրդ դոլար վճար պահանջել ՀԿԵ-ի օգտագործման համար, եթե ռուսական ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից։

Օգոստոսին Ազգայի ժողովում նա հայտնել էր, որ այն հնարավոր է վաճառել շուրջ 400 մլն դոլարով։ Ավելի ուշ վարչապետը պարզաբանել էր, որ այդ գումարի վերաբերյալ գրավոր առաջարկ չկա, խոսքը հնարավոր ներդրողների հետ նախնական քննարկումների մասին է։

Leave a Comment