Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կայացել է հանրային լսում

Օգոստոսի 25-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կայացել է Երևան քաղաքի և ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում։

Հանրային լսմանը մասնակցում էին նախագծի ազդակիր անհատներ և տնտեսվարողներ, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներ։

Ներկայացնելով որոշման նախագծի նպատակը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդգծեց, որ Ակադեմիական քաղաքի ստեղծումը Հայաստանի Հանրապետության խոշորագույն նախաձեռնություններից է, որն ուղղված է ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը, գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրմանը, ինչպես նաև հանրային բարեկեցության և տնտեսական կայուն զարգացման խթանմանը։ Այս նպատակով առաջարկվում է նախագծում ընդգրկված տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը նշեց, որ նոր նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով հանրության գերակա շահի ապահովումը կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք սեփականատերերի և հատուցում ստացող անձանց համար նախատեսում են առավել բարենպաստ գնահատման ու փոխհատուցման ընթացակարգեր։

Նախագծի հիմնական դրույթների ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց գույքի գնահատման և փոխհատուցման ընթացակարգերին, գնահատող կազմակերպության ընտրությանը, սեփականատերերի և տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանը, օտարման գործընթացի ժամկետներին, փաստացի օգտագործվող կամ չավարտված իրավական ձևակերպումներով գույքերի գնահատմանը, գործող արտադրությունների տեղափոխմանն ու բիզնեսի հնարավոր կորուստների հաշվառմանը։

Քննարկվեցին նաև գնահատման համար անհրաժեշտ քաղաքաշինական տվյալների հասանելիության, գործընթացի հստակ ժամանակացույցի ներկայացման, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի հետագա ներդրումային ծրագրերին մասնավոր հատվածի մասնակցության վերաբերյալ հարցեր։

Հանրային լսման մասնակիցներն ընդգծեցին գործընթացի ժամկետների հնարավորինս հստակեցման և գնահատման թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ Ներկայացված հարցերը, դիտարկումներն ու առաջարկությունները կամփոփվեն և կդիտարկվեն նախագծի հետագա մշակման ընթացքում։

Leave a Comment