Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի շինարարությունը արագ է ընթանում։ Դրական է գնահատվում նաև Քաջարանի թունելի հորատումը։ Կառավարության նիստում վարչապետն արձանագրել է, որ ընդհանուր տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների տրամաբանությամբ շատ պատեհ և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը։ Պատասխանատուները հայտարարում են, որ մեծանում են Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները։
Կառավարությունը 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում է անում պետական բյուջեում։ Նպատակը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսական պարտականությունների կատարումն է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասնում է կառավարության այդ որոշման անհրաժեշտությունը․
«Մասնավորապես, շինարարական աշխատանքների ավարտական գումարի 5 տոկոսի վճարման, տեխնիկական հսկողի ծառայությունների դիմաց վճարման, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրման, ծրագրի կառավարման ծախսերի փոխհատուցման, M-6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքներ դիմաց վճարումներ իրականացնելու համար»։
Ավելի քան 15 տարի կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղու ամբողջական շահագործման հստակ ժամկետ չի նշվում։ Նախատեսվում էր, որ 2019 թվականին պետք է կառուցված լիներ 556 կմ երկարությամբ ճանապարհ, որը Բավրան կկապեր Մեղրիի հետ։ Մասնագետներն ասում են, որ այս մայրուղին իրանական Բանդար Աբբաս, Չաբահար նավահանգիստները Սև ծովին կապող ամենակարճ ճանապարհն է լինելու։ Իրան-Հայաստան ճանապարհային կապի հիմքը դրվել է 1990-ականների սկզբներին, երբ Արաքս գետի վրա կառուցվեց երկու երկրները միացնող կամուրջը։ Ծրագրի նախնական արժեքը ավելի քան 900 մլն դոլար էր գնահատվել։
Վարչապետն արձանագրում է․ «Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է։ Նաև Քաջարանի թունելի աշխատանքներն են լավ տեմպերով ընթանում, և ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը»։
Այս հատվածում 32 կմ երկարությամբ ճանապարհ կվերակառուցվի, կկառուցվի 15 նոր կամուրջ, 985 մետր երկարությամբ երկու թունել։ Շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2027 թվականը։
Պատասխանատուները վստահեցնում են, որ ճանապարհի թողունակության բարձարցման տեխնիկական լուծումներ կան։
Շինարարությունը իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Անդրե Մեջլումյան․ «Ուղիղ հանգիստ ճանապարհ է, միանում է ձորի կողմից թունելին, թունելը անցում է ժայռի միջով»։
Ամբողջությամբ ավարտված է նաև մայրուղու Գյումրի տանող հատվածի շինարարությունը։ Ճանապարհի շինարարության ձգձգումների պատճառած վնասի վերաբերյալ հստակ հաշվարկներ չկան, բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուր»-ին ասում է, որ հաշվարկել են, թե տնտեսական ինչ կորուստ է եղել այդ ընթացքում․
«Եթե մենք հաշվենք, որ առնվազն 30-40 տոկոսով կնվազի ճանապարհի վրա ժամանակի ծախսը, եթե մենք դա վերածենք՝ թե մեկ մեքենայի գնալ գալը որքան դոլարային արժեք ունի, ծախսերը այդքանով կարող են նվազել։ Տնտեսական առումով արտահանումը կէժանանար, ապրանքների մատակարարումը ժամանակին տեղի կունենար»։
Այլ հաշվարկներ էլ կան․ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքով Հայաստանի տարածքով իրանական բեռների փոխադրումը 9–ի փոխարեն կտևի 5 ժամ, իսկ 1 կմ-ի հաշվով 1 տոննա բեռի փոխադրման արժեքը կնվազի 1,5-2 դոլարով։