Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանն ընտրվել է Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չի ընտրվել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 38, դեմ՝ 63 պատգամավոր։ Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր՝ 105-ից։
Սա երկրորդ դեպքն է, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ապահովում այս պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուի ընտրության համար անհրաժեշտ թվով ձայներ։ Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, չէր ընտրվել Դավիթ Ղազինյանը՝ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 40, դեմ՝ 62 պատգամավոր։
Յոլյանի չընտրվելուց հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու չի առաջադրի, հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ թեկնածությունը կներկայացվի օրենսդրությամբ նախատեսված ժամկետում։
Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, խորհրդարանը չէր ընտրել այս պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» մեկ այլ թեկնածուի՝ Դավիթ Ղազինյանին։ Նրա թեկնածությանը չէր աջակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը․ Ղազինյանի օգտին քվեարկել էր 40 պատգամավոր, դեմ՝ 62-ը։
Ներկայացնելով իր թեկնածությունը՝ Յոլյանը տարակուսանք էր հայտնել Ղազինյանի թեկնածությունը մերժելու կապակցությամբ և նշել, որ նա կարող էր ապահովել հանձնաժողովի պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքը։
Իրինա Յոլյանը առանցքային ուղղություններից է համարել տեղական ինքնակառավարման ուժեղացումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ համայնքների ղեկավարները՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից, կկարողանան իրականացնել իրենց լիազորությունները՝ առանց քաղաքական ճնշումների և վարչական հետապնդումների։
Նա ընդգծել է, որ բոլոր համայնքները պետք է ներառված լինեն պետական զարգացման ծրագրերում՝ անկախ դրանց ղեկավարների քաղաքական դիրքորոշումից։ Յոլյանի խոսքով՝ Հայաստանում «երկրորդական համայնքներ» չպետք է լինեն։ Նրա կարծիքով՝ համայնքների խոշորացումը պետք է ուղեկցվի իրական ապակենտրոնացմամբ՝ կառավարության և մարզպետարանների լիազորությունների մի մասի փոխանցմամբ տեղական մակարդակ։
Յոլյանը նաև կոչ է արել փոխել սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ մոտեցումը։ Նա նշել է, որ ներկայում դրանք հաճախ սահմանափակվում են ասֆալտապատմամբ և ենթակառուցվածքների վերանորոգմամբ, մինչդեռ ուղղությունների շրջանակը պետք է ընդլայնել։ Նրա խոսքով՝ պետությունը չպետք է համայնքների փոխարեն որոշի, թե որ ծրագրերն են առաջնահերթ․ այդ որոշումը պետք է ընդունեն տեղական իշխանությունները, իսկ պետությունը՝ ապահովի համաֆինանսավորման մեխանիզմները։
Ելույթի առանձին հատված Յոլյանը նվիրել է գյուղատնտեսությանը։ Նա խոսել է գյուղմթերքի իրացման խնդիրների և փոքր տնտեսությունների համար պետական ծրագրերի հասանելիության մասին։ Նրա գնահատմամբ՝ գործող բազմաթիվ ծրագրեր չափազանց բյուրոկրատացված են և ավելի հասանելի են խոշոր տնտեսություններին։
Խոսելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների մասին՝ Յոլյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղել բնապահպանական պահանջներն ու տնտեսական շահերը՝ քաղաքացիների և բիզնեսի համար չստեղծելով չհիմնավորված ֆինանսական բեռ։
Թեկնածության քննարկման ընթացքում պատգամավորները նրան մի շարք հարցեր են ուղղել, այդ թվում՝ նրա դեմ հարուցված քրեական գործի, Սյունիքի տարածքների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու, սահմանային իրավիճակի և Գորիսի քաղաքապետի աշխատանքի գնահատականի վերաբերյալ։
Պատասխանելով քրեական հետապնդման մասին հարցին՝ Յոլյանը հայտարարել է, որ գործը կապված է սահմանամերձ Որոտան գյուղի բնակիչներին 20 հազարական դրամ աջակցություն տրամադրելու որոշման հետ։
Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից և Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գյուղում ջրի խնդիրներ են առաջացել։ Այդ ժամանակ անասնապահությամբ զբաղվող բնակիչներին իր նախաձեռնությամբ տրամադրվել է անասնակեր։ Յոլյանը մեղադրանքները համարում է անհիմն և քրեական հետապնդումը կապում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին աջակցելու իր գործունեության հետ։
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերը «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթների մասին, հիշեցրել է, որ Յոլյանի և խմբակցության մյուս թեկնածուների նկատմամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ չկան։ Նա նաև հայտարարել է, որ այդ վարույթներում քաղաքական հետապնդման հատկանիշներ է տեսնում։
