Մասադիկովը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը կորցրել է հետաքրքրությունը կառույցի նկատմամբ, որակել է որպես հնարավոր քաղաքական հնարք՝ «խաղադրույքները բարձրացնելու» համար։ Թեև Հայաստանը փաստացի սառեցրել է մասնակցությունը, Մասադիկովը նշել է, որ իրավական առումով երկիրը մնում է լիիրավ անդամ, իսկ անդամության հարցը որոշում են բացառապես պետությունների ղեկավարները։

«ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու կամ չհեռացնելու հարցը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) իրավասությունն է, որի անդամներն են անդամ-պետությունների գերագույն գլխավոր հրամանատարները։ Այս որոշումը նրանց ձեռքերում է։

Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել այս կամ այն կողմի փոխարեն, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյո՞ք այս հարցը լրջորեն կքննարկվի սույն թվականի նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱԽ հերթական նիստում, նույնպես հարցական է. դա ևս որոշում են պետությունների ղեկավարները։ Եկեք առաջ չընկնենք։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունները մենք լսել ենք։

Ես միշտ ասել եմ, որ այս կամ այն հարցի վերաբերյալ կա ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հայ ժողովրդի կարծիքը։ Դրա համար էլ եկեք իրադարձություններից առաջ չվազենք», ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Leave a Comment