
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի՝ ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։ Երկրորդ նախագահը երեկ դատարան էր տարվել հիվանդանոցից: Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, տեղեկացրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել էր, սրտի ստենտավորում է իրականացվել:
Ռոբերտ Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը շարունակվել էր քննվել առանց նրա, լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Բժիշկների ցուցումով որոշվեց, որ հայրս պետք է հիվանդանոց գնա, բայց փաստաբանները մնալու են և նիստը շարունակվելու է: Բժիշկները ճիշտ համարեցին, որ ինքը հիվանդանոցում լինի, դահլիճում չգտնվի»,- ասել էր Լևոն Քոչարյանը: