Կառավարությունն առաջարկում է 2026 թվականի պետական բյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 255.8 մլն դրամ՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Ընթացիկիրավիճակը և խնդիրները
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր, 2023 թվականին՝ 273, 2024 թվականին՝ 242 և 2025 թվականին՝ 204 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում մի շարք սուբվենցիայի ծրագրերի նախագծային շտկումների, շինարարական աշխատանքների որակի պահպանման ու շտկման, հայտարարված մրցույթներում մասնակից չլինելու կամ անբարեխիղճ աշխատանքներով պայմանավորված աշխատանքների կատարման պայմանագրերը լուծարելու պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերը Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ուշ են հաստատվել՝ մասնավորապես վերջին նիստը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 29-ին, /ակնհայտ է, որ 2025 թվականի ծրագրերի մեծ մասը հնարավոր չէր ավարտել 2025 թվականին/, ՀՀ կառավարության թիվ 142-Ա որոշման նախագծով 2022, 2023, 2024 և 2025 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
ՀՀ 7 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 9 ծրագրերի /որոնցից 2-ը քննարկվել և հաստատվել է 2024 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, 7-ը՝ 2025-ին/ գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ:
Կարգավորման նպատակը
Որոշման նախագծով առաջարկվում է 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,255,853.3 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովում:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նվազեցում 1,255,853.3 հազար դրամի չափով:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․6, 2-րդ ենթակետ և կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:
Մասնավորապես․ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Միաժամանակ Հայաստանի վերափոխման ռազմավարության 9․2․2 և 9․2․3 գործողությունների համաձայն՝ նպաստում է ֆիզիկական ենթակառուցվածքների մեջ կապիտալ ներդրումների իրականացմանը և ՀՀ մարզերում հարմարավետ ու գրավիչ պայմանների ապահովմանը։