ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի իրական ժամկետը հայտարարությունների տողատակում

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր փուլ է սկսվում․ գրեթե ամենաօրյա ռեժիմով ռուս պաշտոնյաները Հայաստանին առնչվող տարբեր հայտարարություններ են անում։ Նոր առիթը օգոստոսի 24-ին ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետի հայտարարությունն է առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց նախաձեռնելու մասին։

«Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ՝ ինչ է նշանակում այդ հայտարարությունը, որոնք են իրատեսական ժամկետները, և ինչ կարելի է սպասել այդ իրադարձություններից։

“Armenia is clother EU as never before.”

Եվրամիությունն արձագանքել է Հայաստանից հնչած հայտարարություններին։ ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտի խոսքով՝ Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ։

Խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, շատերն ընկալում են որպես անսպասելի և արագ շրջադարձ։ Իրականում սա քաղաքական հայտարարություն է՝ ի պատասխան Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի ճնշումների և չի ենթադրում արագ փոփոխություններ ու որոշումներ։ Հնարավոր ժամկետները հասկանալու համար կան նրբություններ։ Առաջինը ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգն է։ Թե երբ հարցը կարող է հանրաքվեի դրվել Հայաստանում, վարչապետը մանրամասնում է․

«Մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»։

Հայաստանի վարչապետն օգոստոսի 24-ի հայտարարությամբ որոշակի տեղ թողեց նաև գործընթացը չսկսելու համար՝ ասում է «Հայկական խորհուրդ» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ Դեպի ԵՄ Հայաստանի ընթացքն ու ժամկետները ճիշտ պատկերացնելու համար նա անկյունաքարային երկու գործընթաց է կարևորում․  

«Մեզ պետք է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, որովհետև բաց հայ-թուրքական սահմանն է գրավականը, որ ունենանք երկաթգծային երկու կապ ԵՄ երկրների հետ։ Երկրորդ անկյունաքարային գործընթացը․ չի կարող Հայաստանը դառնա ԵՄ անդամակցության թեկնածու կամ առավել ևս ԵՄ անդամ, քանի դեռ չկա վիզալիբերալիզացիայի գործընթացը, որը, ըստ վարչապետի, սպասում ենք 2029-ին։ Այսինքն՝ այս բոլոր խոսակցությունները շոշափելի, հողեղեն են դառնալու 2029-ից անդին»։

Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում՝ մինչև տարեվերջ, Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:

Այժմ Կրեմլն արձագանքում է նաև Հայաստանի ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի հայտարարություններին։ Ռուսաստանից տարբեր թեզեր են հնչում․ ԱԳՆ-ն նկատում է, որ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ, ՌԴ պետդումայի խոսնակն ասելիքն ավելի կոշտ է ձևակերպում՝ նշելով, թե «Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ հնարավորությունները և անկեղծ չէ»։

Ռուս պաշտոնակցի հայտարարությանը Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն է արձագանքում․  

«Անկեղծի մասով, մենք չափազանց անկեղծ ենք, և մենք միշտ ենք անկեղծ եղել։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար։ Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս ԵԱՏՄ կանոններին, որովհետև ես ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է և անմաքս։ Իսկ այստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո»։

Հատկապես վերջին շաբաթների ընթացքում վերլուծաբանների համար տեսանելի են Հայաստանի ջանքերը Ռուսաստանի հետ շփումները դեէսկալացնելու ուղղությամբ։ Արեգ Քոչինյանը Ռուսաստանի վարքագծում փոփոխություններ չի նկատում, ուստի  կանխատեսում է, որ ամեն դեպքում տարեվերջին Հայաստանի համար գազի գինը Ռուսաստանը կվերանայի որպես լծակ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Բայց Հայաստանի խորհրդարանում վարչապետի հայտարարությունները, ըստ Քոչինյանի, կարող են կոնկրետ քայլեր ենթադրել․

«Գուցե՞ նոր փուլի մեկնարկն է, որտեղ Ռուսաստանը այլևս միայնակ չի հարվածում Հայաստանին, այլ նաև կստանա պատասխաններ։ Դա, իմիջիայլոց, հայտարարվեց, դա երկաթգծերի հարցն է։ Սրան զուգահեռ կան այլ հարցեր, որոնք այս պահի դրությամբ Հայաստանի համար խնդրահարույց չեն, և որտեղ Ռուսաստանի հետ համագործակցությունը դեռևս հնարավոր է շարունակել։ Կա երկու սցենար` կա՛մ մենք ձեր հետ կարողանում ենք պայմանավորվածության գալ` դուք պահում եք X-ը, Y-ը, Z-ը, վերաբանակցում ենք A-ն, B–ն  C–ն, կա՛մ մեզ մոտ չի ստացվում այլևս ձեզ հետ ընդհանուր հայտարարի գալ, և այդ դեպքում դուք չեք պահում ոչ մի բան Հայաստանում»։

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ ԵՄ, թե ԵԱՏՄ և մյուս երկընտրանքների հարցում պետական մոտեցումը վարչապետ Փաշինյանը ներկայացնում է հստակ․

«Մենք ձևավորում ենք և ձևավորելու ենք այլընտրանքներ ՀՀ և նրա ժողովրդի համար։ Այլընտրանքներ ունենալը պետական անվտանգության հարց է մեզ համար, որովհետև այլընտրանք չունենալը նշանակում է որևէ մեկին հնարավորություն տալ մեզ պարտադրել ցանկացած բան»։

Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի նպատակը ձևակերպված է որպես փոխշահավետ և բազմոլորտ գործակցություն։ Պաշտոնական Երևանը հաստատում է, որ առանց կրքեր բորբոքելու գնալու է այդ ճանապարհով։

Leave a Comment