Պատգամավորների վարքագիծը և էթիկայի կանոնների հնարավոր խախտումները գնահատելու համար նոր գումարման Ազգային ժողովում արդեն գործում է Էթիկայի հանձնաժողով։ Իշխանությունն այստեղ տեսնում է զսպող մեխանիզմ, ընդդիմությունը՝ հարց, որը դեռ պետք է ապացուցվի գործնականում՝ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին, և որքանո՞վ է այդ վերահսկողությունն անաչառ լինելու։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյան․ «Պարոն Ռուբինյան, երբ խոսում էիք նրա մասին, որ «Ребята, давайте жить дружно!», հիմա էնտեղ պետք է նստած լիներ Արթուր Սարգսյանը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյան․ «Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно!», ես ասել եմ «давайте» լինենք բարեկիրթ։ Դրանք տարբեր բաներ են»։
Միմյանց հորդորեցին, խոստացան, բայց հենց նույն օրն էլ պայմանը խախտվեց։
Պատգամավորների խոսույթում «կծու համեմունքի» պակաս նոր գումարման Ազգային ժողովի առաջին իսկ օրերից չէր զգացվում։ Քաղաքական ուժերը միմյանց շարունակ զգուշացնում են էթիկայի սահմանները չանցնել, բայց հենց այդ զգուշացումների արանքում էին հաճախ հատվում այդ սահմանները։
Դեռ առաջին օրերին բարեկրթության կոչ անող Ռուբինյանը հանձնաժողովի սուր կարիքը պետք է տեսներ արդեն հաջորդող օրերին։
Ու եթե նախկին խորհրդարանում նման դրվագները հիմնականում մնում էին քաղաքական վեճերի ու հրապարակային քննադատության մակարդակում, այս անգամ դրանց համար արդեն առանձին հասցե կա՝ Էթիկայի հանձնաժողովը։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շեշտել էր հանձնաժողովի դերը։

«Ինքնին այն փաստը, որ պատգամավորները գիտեն՝ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք խախտեն էթիկայի կանոնները, համապատասխան դիմում կլինի, արդեն կարող է հանրային ճնշման գործոն դառնալ։ Լրագրողների ակնկալվող ուշադրությունը և հանրային գնահատականը կարող են օգնել մեզ բարեկրթության օրակարգի հարցում»։
Պատգամավորների վարքագիծն այսուհետև միայն քաղաքական գնահատականի հարց չի լինելու։ Եթե պատգամավորի խոսքը կամ վարքագիծը հատում է էթիկայի ենթադրյալ սահմանները, հարցը կարող է դրվել հանձնաժողովի սեղանին։ Այստեղ իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացված են հավասար՝ 5-ական պատգամավորով։ Առաջին վեց ամիսը հանձնաժողովը կղեկավարի ՔՊ-ի ներկայացուցիչ Մարիա Կարապետյանը, նրա տեղակալը կլինի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Լիաննա Գասպարյանը։ Վեց ամսից նախագահն ու տեղակալը կփոխվեն։ Հանձնաժողովի 10 անդամից 5-ը «Քաղաքացիական պայմանագրից» են, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանից», 2-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։
Այս մարմնի ստեղծման պատմությունն ինքնին խոսուն է։ Նախորդ խորհրդարանում էլ քիչ չէին աղմկահարույց դրվագները, մինչդեռ դրանք քննող մարմին չկար։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ռադիոլուր»-ին բացատրել էր՝ հենց այդ բացն է պատճառներից մեկը, որ նոր խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովն արդեն մշտական է։
Ակնկալվում է, որ նոր մարմինը որոշակի սահմաններ կգծի խորհրդարանի ներսում։ Բայց բազմաթիվ նոր հարցեր են ծագում՝ ովքեր են վերահսկելու էթիկան վերահսկողների էթիկան, ու ինչպես է չափվելու մյուսների էթիկան, եթե այսպես ասենք, դատաստանագիրք չկա։ Ինչպես են բացառվելու սուբյեկտիվ մոտեցումները, ու ինչպես են պատժվելու մյուսների էթիկան սուբյեկտիվ դատողները:
Սա նաև յուրօրինակ փորձություն է հենց հանձնաժողովի համար։ Դրա անդամներից Վիլեն Գաբրիելյանն, օրինակ, ունի նաև անձնական քաղաքական փորձ։ Նախորդ գումարման ԱԺ-ում նա վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ Գյումրիում լրագրողների հետ միջադեպից հետո։ Հաջորդիվ հենց ինքն էր շտապել իր իսկ վարքագիծը էթիկայից դուրս գնահատել։

«Գյումրիում իմ մասնակցությամբ, այսպես ասած, միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորը իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ»։
Հիմա Վիլեն Գաբրիելյանը էթիկայի հանձնաժողովում մյուսների վարքագիծը պետք է գնահատի։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը, ում ձևակերպումները հաճախ են նեղացնում ու նյարդայնացնում իշխող ուժին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանից հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ նախորդ խորհրդարանում հանձնաժողով չստեղծվեց։

«Եթե պատգամավորները ՄԻՊ թեկնածուի նկատմամբ ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք։ Վիրավորում են թեկնածուին՝ խախտելով էթիկայի նորմերը, որոնք սահմանված են օրենքով։ Նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»։
Ջուլհակյանի պատասխանը, սակայն, տեղափոխվեց նախկին իրավական կարգավորման դաշտ։

«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք զգացվում էր։ Ինչու՞ չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որովհետև օրենսդրությունը սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Դա է եղել պատճառը, որ մենք համարել ենք, որ ճիշտ չէ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստեղծել էթիկայի հանձնաժողով, ինչը ենթադրում է ԱԺ լիագումար նիստերի դահլիճում այդ հարցի քննարկում»։
Նոր ԱԺ-ն այդ փորձից, կարծես, հետևություն արեց՝ եթե քաղաքական կրքերը չեն հանդարտվում, դրանց համար պետք է մշտական հասցե ունենալ։ Հիմա այդ հասցեն կա։
Իսկ հանձնաժողովի դուռը փակ չէ միայն խորհրդարանականների առաջ։ Պատգամավորի վարքագծից դժգոհ ցանկացած անձ կարող է գրավոր դիմել՝ էթիկայի կամ շահերի հնարավոր բախման հարցերով։ Երկու շաբաթում հանձնաժողովը պետք է որոշի՝ դիմումը քննարկո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե պետք է քննվի իշխանական պատգամավորի վարքագիծը, գործը կզեկուցի ընդդիմության ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավորի դեպքում՝ իշխանության ներկայացուցիչ։ Քննությունը, որպես կանոն, փակ է, պետք է ավարտվի մեկ ամսում, անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով։
Խախտում արձանագրելու դեպքում հանձնաժողովը կարող է ԱԺ նախագահին առաջարկել կարգապահական միջոց՝ նախազգուշացումից մինչև նիստերից հեռացում կամ մինչև յոթ օրով դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկում։ Բաց է մնում նաև հարցը՝ այս դեպքում «ներողություն» խնդրելը կփրկի՞։