Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, հայտնում է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան», – իր հերթին, փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նախկին նախագահը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառքի և փողերի լվացման հոդվածներով, երեկվանից հիվանդանոցում էր: Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր հենց Հակակոռուպցիոն կոմիտեում, և նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Leave a Comment