Սեդրակ Քոչարյանի կալանքի հիմքը փաստարկված չէր․ Կոչուբաև

Դատարանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների։ Այս մասին ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նշելով, որ դատավորը որոշումն ըստ էության դեռ չի տրամադրել, բայց, դատելով միայն քննիչի միջնորդությունից, միջնորդության քննարկման արդյունքներից, ինչպես նաև մեր հարցերի պատասխաններից, որոնց քննիչը տվել կամ չի տվել, կարելի է արձանագրել մեկ բան․ այստեղ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ։ Բոլոր դեպքերում նախ վաղեմության ժամկետները սպառված էին, որոշ դեպքերում՝ մտածածին էին։ Բայց, քանի որ մենք նաև մի փոքր խնդիր ունենք նախաքննական գաղտնիքի հետ կապված, այսպես շատ տվյալներ հանրայնացնել չենք կարող։ Միայն կարելի է արձանագրել, որ գործ ունենք ապօրինի, նաև քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ։

Փաստաբանի խոսքով՝ կալանքի հիմքը վարույթին խոչընդոտելն է, և անտրամաբանական է խոչընդոտել, օրինակ, 2004 թվականին կատարված գործարքին։ Այս և այլ պատճառներով մենք այստեղ տեսնում ենք ապօրինի հետապնդման տարրեր։ Բոլոր դեպքերում վարույթը պետք է ունակ լինի բացատրել, թե մեղադրյալի ազատության իրավունքը ինչու է սահմանափակվում։ Մենք այս դեպքում դա չտեսանք։ Միակ հիմքը խոչընդոտի ռիսկն էր, որը, ըստ էության, փաստարկված չէ այս վարույթով։

Կոչուբաևն ընդգծել է, որ խոչընդոտը պետք է լինի առարկայական․ ում կարող է խոչընդոտել, ինչի նկատմամբ։ Իսկ մենք այստեղ գործ ունենք 2004, 2006, 2010 թվականներին կնքված գործարքների հետ, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով տեղի են ունեցել հանցավոր ճանապարհով։ Մինչդեռ նաև իբր թե Սեդրակ Քոչարյանը օժանդակել է պաշտոնատար անձանց՝ չարաշահելու իրենց լիազորությունները։ Սակայն այդ հարցի պատասխանն էլ է առկախված՝ որ պաշտոնյային, ինչ եղանակով, կոնկրետ ինչ գործողություններով։

Փաստաբանը նշել է, որ «որոշման նախըստացումը մենք ինքներս մեզ համար կվերլուծենք, թե դա ինչի մասին է, և, բնականաբար, այն կբողոքարկենք»։

Leave a Comment