Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հայտարարման դեպքում կփորձեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց, Սիմոնյանն ասել է.

«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»:

Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավորության մասին վերջին ամիսներին տարբեր աղբյուրներ են հաղորդում։ Կրեմլը, սակայն, օգոստոսի 25-ին նոր մոբիլիզացիայի մասին տեղեկություններն անվանել է «տեղեկատվական կեղծիքներ»։ Միաժամանակ, 2022 թվականի սեպտեմբերին մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից առաջ Ռուսաստանի իշխանությունները ևս հերքում էին դրա նախապատրաստման մասին լուրերը:

Leave a Comment