Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն ու կառավարումն Իրանի ինքնիշխան իրավունքն են։
«Հորմուզի նեղուցում Իրանի գերակայությունը և կարգավորող գործունեությունը Իսլամական Հանրապետության՝ իր ազգային ակտիվների նկատմամբ օրինական և ինքնիշխան իրավունքի իրացումն են»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Արեֆի համոզմամբ՝ մարդու իրավունքների հարցում Արևմուտքի «երկակի չափանիշները», ինչպես նաև այնպիսի հանցագործությունների արդարացումը, ինչպիսին է Մինաբ քաղաքի դպրոցին հարվածի հետևանքով 168 դեռահասների զոհվելը, Իրանից պահանջում են ապավինել ներքին ռեսուրսներին՝ միջազգային հարթակում իր դիրքորոշման կայունությունն ապահովելու համար։
Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին։ Զոհվել էր 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը վիրավորվել էին։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման համար մեղադրել էր Իրանի զինված ուժերին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Հետագայում պարզվել էր, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորները կրել են ամերիկյան զինամթերքին բնորոշ մակնշում։