Փաշինյանը պատրաստ է դեմառդեմ քննարկում ունենալու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, բայց նախապայման ունի

63 կողմ, 24 դեմ ձայներով՝ խորհրդարանն ընդունել է կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը։ Երկու օր ԱԺ-ում կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկայացրին այն։ Իշխանության և ընդդիմության միջև քաղաքական բանավեճը, սակայն, ոչ այնքան այդ ծրագրի, որքան «նախկիններ-ներկաներ» բանավեճի, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության ու եկեղեցու շուրջը ստեղծված իրավիճակի մասին էր։ Ընդդիմադիրները կառավարությանը մեղադրել են հանրային հնչեղության՝ Մարտի 1-ի, Փետրվարի 27-ի գործերը չբացահայտելու և քաղաքական հետապնդումների համար։ Փաշինյանը հակադարձել է՝ դատաիրավական համակարգը շարունակում է խնդրահարույց լինել նախկին քրեական ենթամշակույթն արմատախիլ չարվելու պատճառով։

Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունի կառավարության՝ եկեղեցին բարենորոգելու օրակարգը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նրա հետ դեմ առ դեմ քննարկելու եկեղեցուն առնչվող բոլոր հարցերը․

«Ես կնստեմ և իր հետ կքննարկեմ։ Ամենայն հարգանքով։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ կան մերոնքականներ և կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը չպահի»։

Փաշինյանը նախարարների հետ արդեն երկու օր ԱԺ-ում է՝ ներկայացնելու կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը։ Քաղաքական բանավեճը, սակայն, ոչ այնքան ծրագրի բովանդակության, որքան խորհրդարանի լեգիտիմության, «նախկիններ-ներկաներ» բանավեճի և եկեղեցու շուրջը ձևավորված իրավիճակի մասին է։ Վերջին թեման, վարչապետի գնահատմամբ, քննարկման մեջ առանցքային էր․

«Ռուբինյանը վկա, էսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ Գարեգին Բ, մեկ էլ ասեցի` կարող է ՔՊ-ն սկսի բոյկոտել»։

Փաշինյանը խոստացել է առաջիկայում զեկույց հրապարակել եկեղեցու, պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին։ Նա վերահաստատում է իր այն միտքը, որ պետությունը պետք է մասնակցություն ունենա եկեղեցու ներքին որոշումների ընդունմանը։ Ընդդիմությունը մինչդեռ «պառակտում» բառով է նկարագրում բարձրաստիճան հոգևորականների մասին Փաշինյանի հայտարարությունները։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան․

«Պառակտում կրոնական առումով։ Երեկ մենք ականատես եղանք էդ պառակտման սերմերին Հայ եկեղեցու, այն եկեղեցու, որին հետևում և հավատում է մեր բնակչության 97 %–ը»։

«Պրոբլեմն այնտեղ է, որ Հայաստանի քաղաքացիների 97 %-ը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն, հոգևոր կյանք չունի»։

Քաղաքական սուր բանավեճի առարկա դարձած հաջորդ հարցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու ձերբակալությունն էր։ Նրանք, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության, անցնում են ապօրինի գույքի ձեռքբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու գործով։ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական շարժառիթներ ունի, պատգամավորը իշխանությանը մեղադրում է կարևոր, հանրային հնչեղություն ունեցող դատական գործերը չբացահայտելու համար․

«Բա բացահայտեք, մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտեք։ Դիտմամբ չեք բացահայտում, որ դա դարձնեք քաղաքական շահարկումների առարկա։ Հոկտեմբերի 27-ը բացահայտեք, ինչ ասես արեցիք, նույնիսկ ձեր գործընկեր Արման Բաբաջանյանը գնաց իրա հետ հանդիպի։ Հոկտեմբերի 27- ի գործը չի բացահայտվել։ Մարտի 1, Հոկտեմբերի 27, հունվարի 4»։

Փաշինյանը եզրափակիչ ելույթում արձանագրեց՝ դատաիրավական ոլորտը մնում է խնդրահարույց․

«8 տարի։ Ինչի՞ ես պիտի 30000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ։ Ի՞նչ եմ այդ օրը ասել,  ասել եմ` ժողովուրդ, սա իմ պլանն է, եթե համաձայն եք, գնացեք քվեարկեք, և պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել։ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Քրեական գործում մի դրվագ չկա, որ բացահայտված չլինի»։

Պատգամավորները, այնուամենայնիվ, պարբերաբար օրակարգային գլխավոր հարցին՝ կառավարության 2026-31 թթ․ ծրագրին վերադառնում էին։ «Հայաստան» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյան․

«Մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության տեսանկյունից կառավարության ծրագիրը չունի որևէ չափելի տեսլական»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյան․

«Մենք, ըստ էության, դուրս ենք եկել, դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ։ Սա կառավարության առաջին ծրագիրն է խաղաղության պայմաններում, երբ ունենք խաղաղություն և քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, և սա շատ կարևոր նորություն է, որ մենք, ըստ էության, այլևս գոյաբանական էքզիստենցիալ ճգնաժամերի հրամայականով չենք ապրում և մեր ժողովրդին հիմա մատուցում ենք զարգացման օրակարգ»։

Կառավարության ծրագիրը հաստատելուց հետո խորհրդարանը վերադարձել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցին։ 12 մշտական հանձնաժողովներից նախագահներ ունեն 9-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ մերժել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուներին, վերջինս՝ առաջադրել նոր թեկնածուներ։

Leave a Comment