
15-րդ դարի ուխտագնաց ճանապարհորդ Մարտիրոս եպիսկոպոս Երզնկացին, իր ժամանակի շատ ճանապարհորդների պես, նպատակ էր դրել հասնել Իսպանիա, որն այն ժամանակ համարվում էր աշխարհի ծայրը, և երկրպագել Սուրբ Հակոբի մասունքներին։
6 տարի տևած ճանապարհորդությունը լի էր հետաքրքիր հանդիպումներով, արկածներով, նաև՝ հիվանդություններով։ Ամենակարևորն այն էր, որ այդ ողջ ընթացքում Մարտիրոսը մանրամասն գրի էր առնում ամեն ինչ՝ հիմք դնելով հայ գրականության մեջ նոր ժանրի՝ ուղեգրության առաջացմանը։


19-րդ դարում ֆրանսիացի արևելագետ Սեն-Մարտենը թարգմանեց և եվրոպացի ընթերցողին ներկայացրեց այդ նոթերը, ինչից հետո դրանք լայն տարածում գտան ու սիրվեցին տարբեր երկրներում։ Հայ ուխտագնացի աչքերով ներկայացված Եվրոպան անհամեմատ նոր ու տարբերվող տեսանկյուն էր բացում, ինչը չէր կարող անտարբեր թողնել ընթերցողներին։
Մարտիրոս Երզնկացու կերպարն ու ոդիսականն իրենց արտացոլումն են գտել նաև ժամանակակից արվեստում․ գրող Աղասի Այվազյանը հեղինակեց «Սենյոր Մարտիրոսի արկածները» վեպը, իսկ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն այդ պատմության հիման վրա նկարահանեց համանուն գեղարվեստական ֆիլմը։