
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին հայտարարել է, թե Ռուսաստանն ու Իրանն ըստ էության ամբողջացրել են Աստարա–Ռեշտ երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը և պլանավորում են այն ստորագրել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
Թե ինչ մակարդակի պաշտոնյաների մասին է խոսքը, դեսպանը չի նշել։ Իսկ առհասարակ խոսքն, իհարկե, ոչ թե պարզապես երկկողմ, այլ աշխարհաքաղաքական նշանակության նախագծի մասին է, քանի որ Աստարա–Ռեշտ երկաթուղին այն կապն է կամ այն օղակը, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում՝ հյուսիսային ջրերից մինչև Պարսից ծոց բեռնափոխադրումների իրականացման համար։
Ներկայում երկաթուղին հասնում է մինչև իրանական Աստարա, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։
Այս նախագծի իրականացումով է նաև պայմանավորված այն՝ այսպես ասած զգուշավորությունը, որ դրսևորում է Մոսկվան Ադրբեջանի հանդեպ ներկայումս»։