Կառավարությունը նախատեսում է միասնական կարգավորել արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների աշխատողների պաշտոնները։ Նախագծով կսահմանվեն մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանումները, գործառույթներն ու որակավորման պահանջները։ Նոր կարգավորումը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։
Իրավականակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունման նպատակն է սահմանել արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց պաշտոնների նկարագրերը, անվանումները, գործառույթները, ինչպես նաև նրանց ներկայացվող գիտելիքների, կարողությունների, հմտությունների և որակավորման ընդհանրական պահանջները։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Հայաստանի Հանրապետությունում արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային տարիներին։ Սակայն մինչ օրս որևէ միասնական իրավական ակտով սահմանված չեն արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու պաշտոնների նկարագրերը։
Ներկայումս ոլորտում կիրառվում են տարբեր մոտեցումներ, ինչի հետևանքով նույն գործառույթներն իրականացնող աշխատողների պաշտոնները տարբեր հաստատություններում կարող են ունենալ տարբեր անվանումներ և գործառութային շրջանակներ։ Սա խոչընդոտում է ոլորտի միասնական զարգացմանը և կառավարման արդյունավետ կազմակերպմանը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է շուրջ 5543 ուսուցիչ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են շուրջ 2300 մարզիչ-մանկավարժներ։
Միաժամանակ արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատում են նաև վարչատնտեսական աշխատողներ, որոնց պաշտոնների անվանումներն ու գործառույթները ևս միասնական կարգավորում չունեն։
ՀՀ կառավարության 2003 թվականի N 2145-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության համաձայն՝ մանկավարժական աշխատանքի կարող են ընդունվել համապատասխան մասնագիտական-մանկավարժական որակավորում ունեցող անձինք։ Սակայն տվյալ կարգավորումը ամբողջական չէ, քանի որ առանձին իրավական ակտով սահմանված չեն մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնների նկարագրերը։
Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ոլորտի կազմակերպություններից ստացված առաջարկությունները և անցկացվել են քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ։ Քննարկումների արդյունքում պարզվել է, որ նախագծի ընդունումը կարող է առաջացնել մի շարք կազմակերպչական գործընթացներ, մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրերի վերանայում, նոր հաստիքացուցակների և տարիֆիկացիոն մատյանների մշակում և հաստատում։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ առաջարկվում է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2027 թվականի սեպտեմբերի 1-ը, ինչը հնարավորություն կտա համապատասխան փոփոխությունները կազմակերպել նոր ուսումնական տարվան ընդառաջ։
Վիճակագրական տվյալները վկայում են, որ արտադպրոցական կրթության համակարգը ներառում է զգալի թվով հաստատություններ և մանկավարժական աշխատողներ. 2020-2025թթ. արտադպրոցական ուսումնական հաստատությունների քանակի և դրանցում ընգրկված մանկավարժական աշխատողների թվի դինամիկան տրված է աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 1. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների քանակի և դրանցում մանկավարժական աշխատողների զարգացման միտումները:
| Տարեթիվը | Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների թիվը | Մանկավարժական աշխատողների թիվը |
| 2020 | 246 | 5153 |
| 2021 | 240 | 5099 |
| 2022 | 238 | 5237 |
| 2023 | 238 | 5237 |
| 2024-2025 ուս․ տարի | 236 | 5543 |
Աղբյուրը՝ Ազգային վիճակագրական ծառայության
Աղյուսակ 2. Մանկապատանեկան մարզադպրոցների թվի և դրանցում մարզիչ-մանկավարժների թվաքանակի զարգացման միտումները:
| Տարեթիվը | Սպորտային կազմակերպությունների թիվը | Մարզիչ-մանկավարժների թիվը |
| 2020 | 175 | 2041 |
| 2021 | 174 | 2104 |
| 2022 | 174 | 2125 |
| 2023 | 174 | 2125 |
| 2024-2025 ուս․ տարի | 175 | 2300 |
Աղբյուրը՝ Ազգային վիճակագրական ծառայության
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները․
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է.
- սահմանել արտադպրոցական կրթության ոլորտում գործող կազմակերպությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների միասնական անվանացանկը և պաշտոնների նկարագրերը,
- սահմանել աշխատողների գիտելիքներին, կարողություններին, հմտություններին և որակավորմանը ներկայացվող ընդհանրական պահանջները,
- ապահովել ոլորտում կիրառվող պաշտոնների և գործառույթների միասնական մոտեցում,
- նպաստել արտադպրոցական կրթական ծառայությունների որակի բարձրացմանը և կառավարման արդյունավետության բարելավմանը։
Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում են արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների և մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկի և պաշտոնների նկարագրերի սահմանման հետ կապված հարաբերությունները։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կստեղծվի արտադպրոցական կրթության ոլորտի աշխատողների պաշտոնների միասնական կարգավորում, ինչը կխթանի համակարգի արդյունավետ գործունեությունը, կբարձրացնի կրթական ծառայությունների որակը, կնպաստի աշխատողների մասնագիտական զարգացմանը և հաստատությունների կառավարման կատարելագործմանը։։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին և 2-րդ պարբերություններից՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը։»
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագրի 1-ին գլխի 72-րդ կետից․ Կրթության համակարգի իրավական ակտերում, ոլորտին առնչվող փաստաթղթերում առկա է կիրառվող եզրույթների խառնաշփոթ: Նույն եզրույթը տարբեր ենթահամակարգերում օգտագործվում է տարբեր իմաստներով, կան ոչ հստակ թարգմանություններ: Անհրաժեշտ են աշխատանքներ կրթական համակարգի եզրույթների հստակեցման ուղղությամբ: Ամբողջական վերանայման կարիք ունի «Կրթության մասին» օրենքը՝ կրթական ամբողջական օրենսգրքի մշակման տրամաբանությամբ, և 3-րդ գլխի 81-րդ կետի 81-րդ կետի 1-ին կետի «զ» ենթակետից. «Արտադպրոցական դաստիարակության բնագավառում պետական քաղաքականության երաշխիքների, միասնական կարգավորման ենթակա հարաբերությունների, ոլորտի վերահսկելիության մեխանիզմների, բյուջետային ֆինանսավորման ուղղությունների, համաֆինանսավորման դեպքերի և չափանիշների, մանկավարժական և ղեկավար կազմի հավաստագրման, ատեստավորման և հավելավճարների կիրառման համակարգի ներդրման, կրթական ծրագրերին ներկայացվող պահանջների և արդյունքների վկայագրման ձևի սահմանում»։
Անհրաժեշտությունը բխում է նաև «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1. ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջներից, այն է՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն»:
Պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերի սահմանման օրենսդրական հիմք է հանդիսանում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի 6․4-րդ կետի պահանջը, այն է՝ կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է սահմանել արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը։
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: