Պապիկյանը՝ վերջին շրջանում բանակում գրանցված սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է բանակում վերջին շրջանում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերին՝ նշելով, որ ինտենսիվության հետ կապված չի կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել նախարարին, նորություն է:

Նախարարը հավելել է, որ բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է ենթադրում․ հայկական բանակի ամբողջ պատմության ընթացքում դեպքեր եղել են մշտապես․

«Օրինակ, 2025-ին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի։ 2015-ին դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016-ին, հավանաբար՝ ապրիլյան պատերազմից հետո, թիվը դարձել է 19։ Նույն նախարարն է աշխատել և, վստահաբար, նույն հետևողականությամբ։ 2018 թվականին՝ 12, 2019-ին՝ 11, 2020-ին՝ 10, 2021-ին՝ 10, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 9, 2024-ին՝ 11, 2025-ին՝ 2 և 2026-ին՝ 8։ Ես խոսում եմ ինքնասպանության, սպանության դեպքերի մասին, չեմ խոսում այլ դեպքերի մասին»,- ընդգծել է Պապիկյանը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ տասնամյակի ընթացքում այդ թվերը և՛ մեծացել են, և՛ պակասել։ Դեպքերի մի մասը եղել են ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են․

«Անկախ նրանից՝ նախարար կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը։

Leave a Comment