Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Աղբալյանն անդրադարձել է Հայաստանում քրեական ենթամշակույթի ազդեցությանը՝ այն կապելով երիտասարդների շրջանում կռիվների, դանակահարությունների և բռնության դեպքերի հետ։ Նրա…
Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Աղբալյանն անդրադարձել է Հայաստանում քրեական ենթամշակույթի ազդեցությանը՝ այն կապելով երիտասարդների շրջանում կռիվների, դանակահարությունների և բռնության դեպքերի հետ։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հասարակության մեջ արմատավորվել են քրեական ենթամշակույթին բնորոշ «պանյատներով» ապրելու, «աբառոտկա տալու» և ցանկացած հակասության ուժով պատասխանելու պատկերացումները։
«Կրթությունը ամոթ բան է։ Բարությամբ ու սիրով ապրելը վտանգավոր բան է։ Աբառոտկա տուր։ Մի հանդուրժիր, եթե մեկը թերացել է»,- գրել է նա՝ նկարագրելով, իր գնահատմամբ, հասարակության որոշ շրջանակներում ձևավորված մտածելակերպը։
Աղբալյանի կարծիքով՝ նման մոտեցումները տարածված են տարբեր միջավայրերում՝ սպորտային աշխարհից մինչև իրավապահ և զինվորական համակարգեր։
«Երիտասարդ տղաների միջև կռիվների ու դանակահարությունների ցուցանիշը մեր կրիմինալ «անմեղ» ցանկությունների հետևանքն է։ Զինվորների այսքան մահերը մեր ազգային կարման է»,- գրել է նա։
Աղբալյանը պետական կառույցներից ակնկալում է կանխել քրեական բովանդակության լայն տարածումը և կիրառել խիստ ֆիլտրեր։ Նրա համոզմամբ՝ բռնության վրա հիմնված մտածողությունը փոխելու համար անհրաժեշտ է մեծ դեր հատկացնել կրթությանը, մշակույթին և արվեստին։