ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կանոնակարգերը անհամատեղելի են, և այդ անհամապատասխանությունները կվնասեն հենց Հայաստանին, ուստի Երևանը պետք է ընտրություն կատարի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երկուշաբթի ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։
«Դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին, Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը։ Այդ չափանիշները չեն համապատասխանում ո՛չ մեր երկրում, ո՛չ էլ ԵԱՏՄ-ում ընդունվածներին», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ԵՄ անդամակցության դիմումը։
«Եվ հենց այստեղ մենք կհանդիպենք խորը հակասությունների, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին։ Հենց այդ պատճառով, ինչպես հիշում եք, ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն, որում պետությունների ղեկավարները կոչ արեցին Հայաստանին հնարավորինս շուտ անցկացնել համապատասխան հանրաքվեներ», – ընդգծել է նա։